
Panorama.am. 3-7-2012- «Քաղաքական լարված իրավիճակը Սիրիայում կարող է բերել հումանիտար մեծ աղետի` բառի բուն իմաստով», - այսօր Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում կարծիք հայտնեց Կովկասի ինտիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով` այն, ինչ կատարվեց քաղաքացիական պատերազմի արդյունքում Լիբիայում` դեռ լավագույն տարբերակն է. «Երկիրը պարզապես բաժանվեց երեք մասի` ըստ տարածաշրջանների, բայց Սիրիայի դեպքում այն բաժան-բաժան կլինի քաղաքների, համայնքների, նույնիսկ` փողոցների»: Ըստ բանախոսի, կարևորագույն խնդիրն այն է, թե Ասադի հեռանալուց հետո կկարողանան արդյոք նոր իշխանությունները ղեկավարեն երկրում տեղի ունեցող գործընթացները: Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ սիրիական ճգնաժամի առաջին հետևանքները զգում է հենց հայությունը: Ըստ ասուլիսի մյուս բանախոս` ՌԴ Կրոնի և քաղաքականության ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Իգնատենկոյի, Սիրիայի ապագայի հարցով` հունիսի 30-ին Ժենևում տեղի ունեցած գագաթաժողովն արդն իսկ կարելի է անվանել դրական մի միտում, քանի որ փաստացի Վաշինգտոնն ու Մոսկվան համաձայնության են եկել, որ սիրիական գործոնը չի ներքաշի իրենց ռազմական լուրջ գործողությունների մեջ: Միաժամանակ, ինստիտուտի նախագահի կարծիքով` Սիրիան դարձել է ուժերի չափման փորձադաշտ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև: «Էլ Ռիադը ձգտում է ձեռք բերել նոր դաշնակիցներ` Իրանի դեմ քաղաքական մրցակցության մեջ, և նրան ձեռնատու է գերտերությունների ուժերի չափումը Սիրիայում, մինչդեռ Թեհրանը փորձում է կոնսոլիդացնել Դամասկոսում իր դաշնակիցներին` հետաձգելու Ասադի տապալումը, որն արդեն դառնում է անխուսափելի, քանի որ Ժնևյան հանդիպումներն արդեն իսկ դելեգիտիմացրեցին նրան», - կարծիք հայտնեց Ալեքսանդր Իգնատենկոն:
No comments:
Post a Comment