
Panorama.am. 27-7-2012- Թուրքական լրատվամիջոցներն անհանգստություն են հայտնում իրանցի զբոսաշրջիկների թվի անկման կապակցությամբ: Պաշտոնական տվյալներով` ընթացիկ տարվա 6 ամսիների ընթացքում Թուրքիա այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվը արդեն նվազել է 39 տոկոսով: Դա պայմանավորված է նրանով, որ Իրանի իշխանությունները երկրում ներքին զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով արգելել են արտագնա տուրիզմ գովազդող վահանակների տեղադրումը փողոցներում և շենքերի վրա:
«CNNTurk»-ը տեղեկացնում է, որ իրանական իշխանությունները նաև երկրորդ սահմանափակումն են մտցրել արտագնա տուրիզմի ծավալները կրճատելու համար, ինչից ուղղակիորեն տուժում է Թուրքիան: Նշվում է, որ Իրանի կառավարությունը դադարեցրել է այլ երկրներ զբոսաշրջության մեկնող իր քաղաքացիներին 40 տոկոսով էժան արտարժույթի տրամադրումը: Ենթադրվում է, որ Իրանի դեմ Արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառումից հետո այդ կերպ Իրանը ցանկանում է հնարավորինս կանխել արտարժույթի դուրսբերումը երկրից: Թուրքերի դիտարկմամբ` իրանական կառավարության վերոնշյալ երկու սահմանափակումները շեշտակի հարված են հասցնում Թուրքիայի զբոսաշրջությանը և կանխատեսվում է, որ Թուրքիա մեկնող իրանցի զբոսաշրջիկների թիվն առաջիկայում էլ ավելի կնվազի:
No comments:
Post a Comment