«Լրագիր» 27-7-2012- Տարբեր առիթներով հնարավոր է լսել, որ Հայաստանի խոշոր գործարարները կամ օլիգարխները, ներկայիս իշխանական համակարգի զոհերն են եւ իրենք սիրով կաշխատեն օրինականության դաշտում, եթե կենտրոնական իշխանությունը չստիպի մնալ ստվերում: Այդօրինակ կարծիքները իրականության հետ ունեն որոշակի, ոչ ամբողջական աղերս: Որոշակին այն է, որ ներկայիս օլիգարխիան իսկապես կհամաձայնի աշխատել օրենքի դաշտում, պարզապես նրանց պահում է այն, որ իրենցից “ընտրյալները” կարող են մնալ այդ դաշտից դուրս, եւ ստեղծվի անհավասար պայման: Այլապես, օլիգարխիան ներկայում կուտակել է այնպիսի ռեսուրսներ՝ միլիարդների եւ ենթակառուցվածքների տեսքով, որ օրինական դաշտը նրան չի սպառնում ոչնչով: Նա ինքն է միայն իրեն սպառնում օրինականության դաշտում, հենց այդ՝ ամբողջապես չօրինականացվելու վտանգով: Օլիգարխիան այնքան է կուտակել, թե կապիտալ, թե ենթակառուցվածքներ, որ այդ դիրքերի հետ մրցակցության մեջ մտնելու համար կպահանջվեն միլիարդներ: Ո՞վ կբերի դրանք Հայաստան, ո՞վ ունի Հայաստանում դրանցից, օլիգարխներից բացի: Հետեւաբար, Հայաստանում խնդիրը օլիգարխներին օրինական դաշտ բերելը չէ: Դա խնդրի ըստ էության ֆորմալ լուծում է, որն իրավիճակի հանգուցալուծում չէ: Դրանով ընդամենը լեգիտիմանալու է օլիգարխիական տնտեսա-քաղաքական համակարգը, իսկ դրա արդյունավետությունը խոշոր հաշվով մնալու է նույնը: Հայաստանում խնդիրը օլիգարխիական համակարգի դիրքերի եւ ռեսուրսների վերաբաշխումն է: Այդ վերաբաշխումն անխուսափելի է, եթե կա երկրում մթնոլորտի ստեղծագործականության, արտադրողականության, արդյունավետության պոտենցիալը փոխելու ցանկություն: Օլիգարխիան Հայաստանի համախառն ռեսուրսների առյուծի բաժինը կուտակել է իր ձեռքին, եւ այդ բաժինն օբյեկտիվորեն չի կարող ունենալ հանրային եւ պետական բարձր արդյունավետություն, հատկապես Հայաստանի տնտեսության փոքր ծավալների պարագայում: Այդ բաժինը արդյունավետ վերարտադրելու համար պետք է օլիգարխիկ համակարգի ձեռքից “ապակենտրոնացվի” եւ վերադարձվի փոքր ու միջին ձեռնարկատիրության դաշտ, իսկ այդ ամենը պետք է կանոնակարգվի պետական հստակ հակամոնոպոլ եւ հակաօլիգոպոլ քաղաքականությամբ: Այսինքն, հակամոնոպոլ եւ հակաօլիգոպոլ քաղաքականության առանցքը ներկայում պետք է լինի նախ եւ առաջ ռեսուրսների ապակենտրոնացման կոշտ քաղաքականությունը, հետո նոր միայն կանխարգելվի նոր մոնոպոլիաների եւ օլիգոպոլիաների ստեղծումը: Այստեղ է խնդրի առանցքը, եւ դրա պատճառով է, որ օլիգարխիկ համակարգը, չնայած իր մեկնարկային հսկայական եւ անհասանելի առավելությանը, չի ցանկանում գա օրինականության դաշտ: Խնդիրն այն չէ, որ նրան դա թույլ չի տալիս օլիգարխիայի հետ անքակտելիորեն սերտաճած քաղաքական իշխանությունը: Գուցե թույլ չի տալիս, բայց թերեւս նույն նկատառումով եւ մտահոգությամբ, ու այստեղ շահերը երկուստեք համընկնում են եւ այդ տրամաբանությամբ էլ ստանում լուծում՝ թեկուզ ժամանակավոր: Խնդիրը հենց ռեսուրսների ապակենտրոնացման գործընթացն է, որ Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է: Իսկ օլիգարխիկ համակարգն իր ռեսուրսների արդյունավետ պաշտպանություն կարող է իրականացնել անօրինական դաշտում մնալով, քանի որ գալով օրինականության հարթակ, այդ համակարգը զգալիորեն դադարում է կենսունակ լինել իր քաղաքական եւ սոցիալական շահերի պաշտպանության տեսանկյունից: Շատերն այստեղ “ապակենտրոնացում” հասկացության տակ կարող են դիտարկել ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ, կուլակաթափություն: Բայց, Հայաստանի օլիգարխիկ համակարգի շատ ներկայացուցիչների սեփականության մի զգալի մաս հենց ինքնին հանդիսանում է ոտնձգություն ուրիշի սեփականության հանդեպ՝ իրեղեն ապացույց, եւ հետեւաբար այստեղ ոչ թե սեփականության իրավունքի ոտնահարման, կուլակաթափության, այլ այլոց իրավունքի վերականգնման խնդիր է: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Saturday, July 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment