![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjgrYAsUoCO2UFoTpdHQYLwbawpD_5DS7rd_z_0IJHw371HaFsahGP_l0A9juyzXcCSsccUxoLTZdx-KIxI71UnG48obY6Y6UMJlptSKZ9bJnU_jlpQDAX_izBSROGYE9-dInDbPHd8wp0/s200/088.jpg)
Tert.am. 22-8-2012- Մարդինի Քըզըլթեփե շրջանում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին, որ տարիներ շարունակ որպես պահեստ է ծառայել, մի քանի տարի առաջ վերադարձվել էր հայ կաթոլիկ համայնքին, սակայն այստեղից էլ տեղեկացրել են, որ իրենք վերակառուցման համար բավարար միջոցներ չունեն:
Եկեղեցու պահակը` Ադիլ Օքը, պատմել է, որ Թուրքիայի հանրապետության գոյության ողջ ընթացքում եկեղեցին որպես պահեստ է ծառայել: «Այս եկեղեցին լավագույն վկայությունն է փոքրամասնությունների հանդեպ համակարգի ունեցած վերաբերմունքի»,- ասել է նա: Երկար տարիներ Գյուղատնտեսության նախարարության կողմից որպես պահեստ օգտագործված եկեղեցին այժմ կիսավեր է: Evrensel թերթը գրում է, որ 2007 թ-ին Մարդինի հայ կաթոլիկ համայնքին հանձնված եկեղեցին չի վերակառուցվում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Այժմ եկեղեցին փլուզման վտանգի տակ է: Կառուցման տարեթիվը հայտնի չէ, սակայն Անատոլիայում գտնվող բազմաթիվ եկեղեցիների նման ոչնչացման է դատապարտվել: Հայկական հիմնադրամին հանձնված եկեղեցին չի վերակառուցվել, սակայն դրա փլուզումը կանխելու համար որոշակի աշխատանքներ են կատարվել տանիքում: Եկեղեցին բացահայտվել էր միայն գրող, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուի` շրջան կատարած այցի ընթացքում: 2004 թ-ից պաշտպանության տակ առնված եկեղեցին վերանորոգելու որոշում եղել է, սակայն մինչ դրա իրագործումը եկեղեցու պահակը 7 մետրանոց փոս է փորել և գանձ որոնել, ինչն ավելի է վատացրել առանց այն էլ փլուզման վտանգի տակ գտնվող եկեղեցին:
No comments:
Post a Comment