Wednesday, August 22, 2012

Շառլ Ազնավուրի համերգը Վրաստանում բավականին բացասական երևույթ է. քաղաքագետ

Tert.am. 22-8-2012- Վրաստանի իշխանություններն այսօր հալածում են ջավախահայությանը և այդ ամենը քաջ գիտակցելով, աշխարհահռչակ շանսոնիեն չպետք է ընդուներ վրացական իշխանությունների առաջարկն ու այնտեղ համերգ չպետք է տա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` նշելով, որ բավականին բացասական երևույթ է Ազնավուրի` Վրաստանում համերգով հանդես գալը: «Շառլ Ազնավուրը Հայաստանի դիվանագիտական կորպուսի անդամ է և պատվավոր դեսպանի կոչում նրան տվել է Հայաստանի Հանրապետությունը: Շառլ Ազնավուրն այս դեպքում գործում է որպես Ֆրանսիայի քաղաքացի և Արևմուտքի ներկայացուցիչ: Իրականում նորմալ երևույթ է, որ համաշխարհային աստղը գնում է տարբեր երկրներ, սակայն որպես հայ նա չպետք է այդպիսի բան աներ և չպետք է տուրք տար վրացական իշխանություններին»,- ասաց Սերգեյ Շաքարյանցը: Վերջինս նշեց, որ Շառլ Ազնավուրին մեղադրել պետք չէ, քանի որ նա համաշխարհային աստղ է, և պետք է համաձայներ երգել. «Շառլ Ազնավուրը կարող էր գնալ և մեծ հաճույքով երգել սիրական ընդդիմադիր ապստամբների ճամբարում, քանի որ այդ մարդիկ ֆրանսիական և արևմտյան հովանավորություն ունեն: Շառլ Ազնավուրը սփյուռքահայ չէ, նա պահանջատեր չէ, նա Արցախի Հանրապետության ներկայացուցիչ չէ, նա պարզապես՝ Ֆրանսիայի քաղաքացի է, և համերգ տալու մեջ ոչ մի արտառոց բան չկա»,- ասաց Սերգեյ Շաքարյանցը: Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունների հրավերով համաշխարհային հայ երգիչ Շառլ Ազնավուրը օգոստոսի 16-ին համերգային ծրագրով հանդես եկավ Ախլցխայում, ինչը տարաբնույթ քննարկումների և խոսակցությունների առիթ հանդիսացավ:

No comments: