Wednesday, August 22, 2012

Ստամբուլ-2012. Հայաստանի եւ Ադրբեջանի թիմերը կբնակվեն նույն հյուրանոցում

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 10-ը, 40-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը կհանգրվանի Ստամբուլի լավագույն հինգաստղանի հյուրանոցներից մեկում` WOW Istanbul-ում: Ստամբուլ մեկնած մասնակիցների տրամադրության տակ գտնվող 7 հյուրանոցներից 4-ը հինգաստղանի են: Հյուրանոցները թիմերի համար բաշխվել են ըստ անցած Օլմպիադայում ցույց տված արդյունքների: WOW Istanbul հյուրանոցը մյուսների համեմատ ամենահարմարավետն է եւ ամենամոտը մրցավայրին (500 մետր): Հյուրանոցի հարեւանությամբ տեղակայված է Մուտաֆա Քեմալի անվան օդանավակայանը, 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Մարմարա ծովի լողափը, իսկ հյուրանոցից Ստամբուլի կենտրոն ճանապարհի տեւողությունը 15 րոպե է: Բացի Հայաստանի հավաքականից, WOW Istanbul հյուրանոցում կբնակվեն նաեւ Ռուսաստանի, Իսրայելի, Ուկրանիայի, ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Չինաստանի եւ մի շարք այլ հավաքականներ: Ըստ կանոնադրության, Օլիմպիադայի կազմակերպիչ երկիրը ֆերդերացիաներին պետք է տրամադրի երեք երկտեղանոց համար` տղամարդկանց (5 խաղացող եւ մարզիչ), երեք երկտեղանոց համար` կանանց (5 խաղացող եւ մարզիչ) եւ մեկ մեկտեղանոց համար` պատվիրակության ղեկավարին: Հիշեցնենք, որ տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականները Ստամբուլ կմեկնեն օգոստոսի 26 ին:

No comments: