Thursday, August 23, 2012

Փորձագետ. Արեւմուտքը ստուգում է Հայաստանի եւ Իրանի տրամադրությունները

News.am. 23-8-2012- Արեւմուտքը ցանկանում է հասկանալ Հայաստանի եւ Իրանի տրամադրությունները։ Հենց այս նպատակն է հետապնդել Reuters գործակալության Հայաստանում Իրանի ֆինանսական գործարքների մասին հրապարակումը։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նրա խոսքով՝ Իրանը միջուկային ծրագրի ֆինանսավորման համար չի կարող անլեգալ գործարքներ ձեւակերպել Հայաստանի վրա, ինչպես դա նշված է հոդվածում։ «Հայաստանն ու Իրանը խոշոր նախագծեր են իրականացնում եւ ծրագրում են իրականացնել, այնպիսիք, ինչպիսիք են Թավրիզ-Երասխ նավթամուղը եւ ուրիշ ծրագրեր։ Բայց դրանցից ոչ մեկով ՄԱԿ-ի պատժամիջոցները չեն խախտվում»,- ասաց Ոսկանյանը։ Փորձագետի խոսքով՝ Հայաստանում գործող իրանական «Մելլաթ բանկը» պատժամիջոցները խախտելու մեջ կասկածելը անհիմն է, քանի որ այդ բանկը չի գտնվում ՄԱԿ-ի «սեւ ցուցակում», պարզապես խնդրահարույց բանկ է համարվում, բայց ոչ ավելի։ «Հոդվածի նկատմամբ տարակուսանքները փարատող որեւէ տեղեկատվական նույնականացում չկա։ Հղումներում ոչ մի հստակ անուն նշված չէ, միայն հղում է արված ՄԱԿ-ի փորձագետների դեռեւս չհրապարակված զեկույցին։ Այս ամենից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ հոդվածը ստուգողական նպատակ ունի, այսինքն՝ որքան հեռու կարող է Արեւմուտքը գնալ Հայաստանի եւ Իրանի փոխհարաբերությունների հարցում»,- ասաց Ոսկանյանը։ Ըստ նրա՝ բոլոր դեպքերում Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը փոխշահավետ է. Հայաստանին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակման, իսկ Իրանին Արեւմուտքի ճնշման պատճառով։ Ոսկանյանի խոսքով՝ այս կապակցությամբ զարմանալի են ՄԱԿ-ի երկակի ստանդարտները։ Եթե լրատվական գործակալության հոդվածում հղում արված զեկույցը իսկապես այդպիսին է, ապա ՄԱԿ-ը դժգոհություն է արտահայտում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումից, սակայն երբեք կարծիք չի արտահայտել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին, մասնավորապես՝ թե ինչքանով է համապատասխանում միջազգային նորմերին պետական սահմանի փակ պահելը։

No comments: