Saturday, August 4, 2012

Ամերիկայի հայերը Ցեղասպանության ժառանգներին փոխհատուցում վճարելու գործում փորձագիտական եզրակացություն են պահանջում

Tert.am. 4-8-2012- Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը միացել է խնդրագրին, որով պահանջվում է փորձագիտական եզրակացություն տալ Կալիֆոռնիայում ընդունված եւ դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված օրենքի վերաբերյալ: Օրենքն իրավունք է տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում պահանջել ապահովագրական ընկերություններից: Խնդրագրին իրենց աջակցությունն են հայտնել բազմաթիվ կազմակերպություններ, Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Կամալա Հարրիսը, Նեւադա, Միչիգան, Ռոդ-Այլենդ նահանգների դատախազները: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն (ANCA) իր երախտագիտությունն է հայտնել նահանգների գլխավոր դատախազներին, նաեւ դաշնային եւ տեղական օրենսդիրներին: «Մենք վստահ ենք, որ կհաղթենք մեր պայքարում Munich Re ապահովագրական ընկերության դեմ, որը շարունակում է օգնել եւ աջակցել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը»,- ասել է ANCA-ի` կառավարության հետ կապերի գծով տնօրեն Քեյթ Նահապետյանը: Նշենք, որ 2012 թվականի փետրվարի 23-ին, դատարանը, 12 դաշնային դատավորների կազմով, միաձայն որոշում կայացրեց, որ Կալիֆորնիայի օրենքը հակասահմանադրական է, քանի որ «այն խոչընդոտում է դաշնային կառավարության արտաքին քաղքաքականության բացառիկ իրավասությունը»: Հիմք ընդունելով «հազվադեպ կիրառվող» «մենաշնորհյալ ոլորտի» սկզբունքը` դատարանը վճռեց, որ 354.4-րդ բաժինը հակասահմանադրական է ոչ այն պատճառով, որ այն հակասում է դաշնային կառավարության կոնկրետ գործողություններին, այլ որ առնչվում է դաշնային բացառիկ պատասխանատվության մի ոլորտի, հատկապես արտաքին հարաբերությունների հետ: 2012 թվականի հունիսի 22-ին, «Փոլ Հեյստինգս» ՍՊԸ-ից Իգոր Տիմոֆեեւը` հայ հայցվորների դատապաշտպանը, խնդրեց ԱՄՆ Գերագույն դատարանին վերանայել գործը: Նա պնդեց, որ «սա հիանալի միջոց է արտաքին գործերի նախապատվության սկզբունքը» հստակեցնելու համար եւ որ «Իններորդ շրջանի կողմից «ոլորտի նախապատվության սկզբունքի անհիմն ընդլայնումը…կվտանգի նահանգային իրավասության ավանդական ոլորտներին վերաբերող նահանգների բազմաթիվ օրենքներին»:

No comments: