Monday, November 12, 2012

Թուրքիան խաղում է ՆԱՏՕ-ի շահերի ոլորտում. փորձագետ

News.am. 11-11-2012- Թուրքիայի տարածքում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի տեղակայման հարցում որոշակի ռազմաքաղաքական մեքենայություններ ու ինտրիգներ կան: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը: Թուրքիան մտադիր է ՀՕՊ համակարգեր տեղակայել իր տարածքում, որի նպատակով արդեն մրցույթ է հայտարարել: Թուրքական կողմի հիմնական հետաքրքրությունը ամերիկյան «Փեթրիոթ»-ի կողմն է, թեեւ ֆորմալ առումով խոսվում է ռուսական ՀOՊ համակարգերի գնման հնարավորության մասին: «Խոսելով Հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման մասին, Թուրքիան խոստովանում է, որ հակաօդային պաշտպանության ոլորտում իր վիճակը ողբերգական է: Իսկապես, «սառը պատերազմից» հետո մնացած «Ռապիրա» եւ «Նայք Հերկուլես» զենիթահրթիռային համալիրները չափից դուրս հնացած են»,-նշել է Արկադի Գրիգորյանը: Սիրիայի կողմից սպառնալիքի եւ դրանով պայմանավորված ՀՕՊ համակարգերի տեղակայման անհրաժեշտության մասին Թուրքիայի հայտարարությունների համատեքստում, փորձագետը հայտարարեց, որ իրականում Սիրիայի կողմից որեւէ սպառնալիք չկա: «Սիրիան չի պատրաստվում հարձակվել Թուրքիայի վրա: ՀՕՊ համակարգեր տեղակայելու շուրջ թուրքական հիստերիկան միանշանակ խոսում է այդ ոլորտում տխուր վիճակի մասին: Այսպիսով, հաստատվում է այն, ինչի մասին բազմիցս է խոսվել. տարածաշրջանում լավագույն ՀՕՊ համակարգերը Հայաստանինն են»,-ընդգծեց Գրիգորյանը, հավելելով, որ Թուրքիայում ՀՕՊ համակարգեր տեղակայելու հիմնական թիրախը Իրանն է, ոչ թե՝ Սիրիան: Այդ առումով արժե հիշել Իրանի խոստումները՝ հարվածել ՆԱՏՕ-ի Թուրքիայի տարածքում գտնվող ռազմակայաններին: «Թուրքիան գումար չունի ՀՕՊ համակարգերի անհրաժեշտ քանակ գնելու համար, որպեսզի անվտանգ դարձնի իր երկրի տարածքը, ուստի սա ՆԱՏՕ-ից օգնություն խնդրելու հստակ «մեսիջ» է: Եթե Թուրքիային հաջողվի հասնել ցանկալի նպատակին, այսինքն ձեռք բերի ամերիկյան նոր «Փեթրիոթ»-ներ, դա մարտահրավեր կլինի Ռուսաստանին»,-ամփոփեց Արկադի Գրիգորյանը:

No comments: