Monday, November 12, 2012

«Նեզավիսիմյա գազետա». Ռուս-թուրքական հարաբերությունները փակուղում են հայտնվել

Ռուս-թուրքական հարաբերությունները սառել են: Այս մասին գրում է «Նեզավիսիմյա գազետան»: «Վերջին ամիսներին Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները լարված են, և դա էլ հանգեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարելիք այցի հետաձգմանը: Իսկ դրա համար առիթ է հանդիսացել Թուրքիայի իշխանությունների ոչ բարեկամական արտահայտությունները Ռուսաստանի հասցեին: Սեպտեմբերի 30-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը՝ «Արդարություն և Զարգացում» կուսակցության նիստի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը այն պետությունների թվին է պատկանում, որոնց պատմությունը չի ների, եթե վերջիններս աջակցություն ցուցաբերեն Սիրիայի արյունալի հակամարտությանը: Դրանից անմիջապես հետո Թուրքիայի կարգադրությամբ հարկադիր վայրէջք կատարեց Սիրիա ուղևորվող ռուսական ինքնաթիռը, որը Մոսկվայից Դամասկոս էր մեկնում: Նման դեմարշների պատճառը, հավանաբար, պետք է փնտրել այն փակուղային իրավիճակում, որում հայտնվել է Անկարան»,-գրում է պարբերականը: «Պատահական չէ, որ Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումը Սիրիայի հանդեպ, ըստ սոցիոլոգիական հարցումների, չի աջակցում բնակչության 82%-ը, իսկ այս ընթացքում «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը կորցնում է իր հեղինակությունը: Իսկ սա չի կարող չմտահոգել Թուրքիայի իշխանություններին, ինչպես նաև անձամբ Էրդողանին, ով ցանկանում է 2014թ զբաղեցնել Թուրքիայի նախագահի պաշտոնը: Տարածաշրջանում երկու պետությունների հարաբերությունների սառեցումը չի համընկնում ոչ Ռուսաստանի, ոչ էլ Թուրքիայի շահերի հետ: Սակայն հարկավոր է նշել, որ երկու պետությունների հարաբերությունների վատթարացումը ձեռնտու է արևմտյան պետություններին: Արդյո՞ք ռուսական և թուրքական իշխանությունները կկարողանան դուրս գալ այս դժվար իրավիճակից և խաղաքարտ չդառնան ուրիշ խաղում: Կարծում ենք այս ամենի պատասխանը մոտ ապագայում պարզ կդառնա»,-գրում է «Նեզավիսիմյա գազետան»:

No comments: