Thursday, April 24, 2008

Հայաստանի Հանրապետությունում ծնելիության ցուցանիշը աճել է 7 տոկոսով

Հայաստանի Հանրապետությունում 2007թ-ին ծնելիության ցուցանիշը 2006թ-ի համեմատ աճել է 7 տոկոսով: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, 2007-ին արձանագրվել է 40 հազար ծնունդ, 2006-ին` 37 հազար: 1990թ-ին ծնելիության ցուցանիշը կազմել է շուրջ 80 հազար, 2004-ին` 32 հազար, դրանից հետո այդ ցուցանիշը տարեցտարի աճել է: 2006 եւ 2007 թթ-ին մահացության ցուցանիշը եղել է նույնը: Սակայն, ըստ Կ. Կույումջյանի, մահացության ցուցանիշի տարեցտարի ավելացման միտում է նկատվում:

Մահացության տարիքային կառուցվածքում գերակշռում է աշխատունակ տարիքից բարձ մարդկանց թիվը: Դրա հետ մեկտեղ, երիտասարդ տարիքի մարդկանց մահացության ցուցանիշի նվազեցում է նկատվում:
Բնակչության կառուցվածքում ավելանում է մեծահասակների տեսակարար կշիռը, ինչը, Կ. Կույումջյանի դիտարկմամբ, պայմանավորված է ընդհանուր առմամբ ծնելիության ցուցանիշի խիստ անկմամբ: 2007թ-ին արձանագրված ծնունդների թիվը, ըստ Կ. Կույումջյանի, բավարար չի կարելի համարել, քանի որ գոյություն ունի պտղաբերության գործակից, որը փոքր թիվ է կազմում:

Այսինքն` կինը կյանքի ընթացքում պետք է գոնե 2-ից ավելի երեխա ունենա, որպեսզի ապահովվի բնակչության պարզ վերարտադրությունը: Հայաստանում 1990 թվականին այդ գործակիցը կազմել է 2,6, իսկ 2007թ-ին` 1. 348, որը պարզ վերարտադրության համար բավարար ցուցանիշ չէ:
Ըստ ազգագրագետ-էթնոսագետ Համլետ Սարգսյանի` ծնելիության անկումը կապված է տնտեսական, քաղաքական, շատ դեպքերում` բարոյահոգեբանական գործոնների հետ: 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբներին հայկական ընտանիքներում միջինը 8-10 երեխա էր ծնվում: Հետագայում, կապված համակարգային եւ տնտեսական գործոնների հետ, տեղի ունեցան մի շարք փոփոխություններ, նաեւ պատերազմներ, ինչի արդյունքում` եղան տեղաշարժեր, նկատվեց բնակչության արտահոսք, որը, ըստ ազգագրագետի, նույնպես ազդեց ծնելության վրա:

Նրա խոսքով, ներկայումս դրական տեղաշարժեր կան ծնելիության հարցում, սակայն պետական քաղաքականություն է անհրաժեշտ. եթե քայլեր չձեռնարկվեն, դրական տեղաշարժ չի արձանագրվի:
Ըստ Կ. Կույումջյանի` հանրապետությունում տղամարդկանց համար կյանքի սպասվող տեւողությունը 70 տարի է, կանանց համար` 76.8: Զարգացած երկրների համեմատությամբ այդ ցուցանիշը աճելու տեղ ունի, իսկ նախկին խորհրդային երկրների համեմատությամբ այն բավական բարձր է:

No comments: