A1+030408/ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր հայտարարությամբ են հանդես եկել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ Բուխարեստում կայացած հանդիպումներից հետո:
Ըստ հայտարարության` երկու երկրների ղեկավարները եւ համանախագահները մտքեր են փոխանակել «տարաձայնությունները մեղմելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների հարցում կոնսենսուսի հասնելու ուղիների վերաբերյալ»:
«Համանախագահները վերահաստատեցին իրենց աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ այն համոզմունքը, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պահանջում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցային ճանապարհով ձեռք բերված քաղաքական փոխզիջում, որի ապագա հաստատումը կվերապահվի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը», - ասված է փաստաթղթում:
Երկու երկրների ղեկավարները եւ համանախագահները, համաձայն հայտարարության, համաձայնել են «շարունակել բանակցությունները առկա հիմքի վրա, էլ ավելի հստակեցնել ներկայումս սեղանի վրա գտնվող առաջարկը եւ կատարել լրացուցիչ քայլեր խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»: Այդ նպատակով միջնորդները ընդգծել են հնարավորինս շուտ կողմերի միջեւ ամենաբարձր մակարդակով հանդիպումներ կազմակերպելու կարեւորությունը:
Saturday, April 5, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment