«Ակնհայտ է, որ վերջին ժամանակներս Ադրբեջանը փորձեց օգտագործել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցային գործընթացի վրա ազդելու համար: Սա պետք է պարտադրի հայկական կողմին` շատ ավելի վճռական լինել սկզբունքային հարցերում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների շարունակությունը կախված է հայկական կողմից:«Այս պարագայում, իհարկե, որեւէ զիջում, մոտեցումների մեջ որեւէ փոփոխություն չի կարող լինել: Ճիշտ հակառակը` նման դեպքերում պետք է պատասխանել միայն մոտեցումների խստացման ճանապարհով: Փորձելու են օգտագործել, իհարկե, եւ մենք գոնե այն գիտակցումը պետք է ունենանք, որ Հայաստանի կայունությունը, Հայաստանի զարգացման տեմպերն ու ամրությունը լավագույն երաշխիքն են, որ Ղարաբաղի հարցում ամուր դիրքեր ունենանք»,- նշեց Ռ. Քոչարյանը:
ՀՀ նախագահը չբացառեց մեկ փաստաթղթով ԼՂՀ անկախության ճանաչման հնարավորությունը:
«Չեմ բացառում եւ համարում եմ, որ Ադրբեջանի կեցվածքը բանակցային գործընթացում եւ Ադրբեջանի վերջին քայլերն ուղղակի պարտադրում են հայկական կողմին` այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմելու: Թե ինչպիսի՞ն կլինեն այդ քայլերը` ճանաչո՞ւմ, անվտանգության ոլորտում պայմանագրի ստորագրո՞ւմ, թե՞ այլ` պետք է որոշի ՀՀ հաջորդ նախագահը եւ հաջորդ կառավարությունը»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման վտանգին` ապա ՀՀ նախագահը դա քիչ հավանական համարեց` նշելով, որ իր ղեկավարման 10 տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ եղել են:
«Եթե ես այն ժամանակ որոշ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ ավելի անբարենպաստ տարբերակով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ կա պատերազմի վերսկսման վտանգ, եթե նույնիսկ կա էլ` մենք չպետք է վախենանք եւ չպետք է այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների»,- ասաց նա:
Ինչո՞ւ մինչեւ հիմա Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը հարցին ի պատասխան` Ռ. Քոչարյանը նշեց, որ դա այն քայլն է, որը ՀՀ իշխանությունները միշտ կարող են անել:
«Փաստացի ճանաչումը կա եւ վաղուց: Խնդիրը ֆորմալիզացման մեջ է, թե որ պահին ավելի արդյունավետ կարելի է համարել այդ քայլի իրականացումը»,- ասաց ՀՀ նախագահը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment