ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը ժառանգել է «վստահության ճգնաժամ»: Նման կարծիք է հայտնել ամերիկահայ հայտնի վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը, ով օրերս հանդես է եկել ՀՀ ներքաղաքական զարգացումներին վերաբերող հոդվածով: Նա գտնում է, որ այսօր Ս. Սարգսյանի գլխավոր մարտահրավերը կապված է ոչ թե ընդդիմության, այլ Ռոբերտ Քոչարյանի հետ, որը դեռեւս կարողանում է ազդել Ս. Սարգսյանի վրա` նախարարներ նշանակելու հարցում: «Մյուս կողմից, սակայն, նոր նախագահի վրա այդ ազդեցությունը սահմանափակ է եւ անցողիկ: Հաշվի առնելով, որ Քոչարյանն այսօր իրական իշխանական լծակներ եւ պաշտոն չունի, կարելի է ենթադրել, որ նրան հավատարիմ մարդիկ վաղ թե ուշ կձգտեն դեպի Ս. Սարգսյանը: Սակայն այս պահի դրությամբ, այս երկու անձինք բնական մրցակիցներ են«,- ասել է վերլուծաբանը:Պառակտիչ եւ բռնություններով զուգորդված հետընտրական ճգնաժամից հետո Հայաստանի նախագահը մտահոգված է նախարարների այնպիսի կաբինետի ձեւավորման հարցով, որն ի վիճակի կլինի թուլացնել լարվածությունը եւ վերացնել հասարակության բեւեռացվածությունը:
Իշխանության նախապես ծրագրված եւ կանխորոշված փոխանցումը նախկին նախագահ Ռ. Քոչարյանից իր նախագահության օրոք վարչապետ աշխատող Սերժ Սարգսյանին, ստացվեց ավելի դժվար եւ խնդրահարույց գործընթաց, քան սպասվում էր: Սակայն Հայաստանի նոր նախագահի համար ամենագլխավոր մարտահրավերը բխում էր ոչ թե նախընտրական քարոզարշավից կամ բուն ընտրություններից, այլ «վստահության ճգնաժամից», որն ի հայտ եկավ հատկապես հետընտրական ճգնաժամին կառավարության արձագանքի ժամանակ: Ճգնաժամը սկսվեց ընդդիմությանն աջակցողների մի շարք բողոքի ցույցերով, որոնք ավարտվեցին մարտի 1-ին տեղի ունեցած բախումներով ցուցարարների եւ Ոստիկանության միջեւ: 8 ցուցարարների եւ 2 ոստիկանների կյանք խլած բռնություններին ի պատասխան, Ռ. Քոչարյանը մտցրեց 20-օրյա արտակարգ դրություն, որն արգելում էր զանգվածային միջոցառումները եւ սահմանափակում ԶԼՄ-ների գործունեությունը: Արտակարգ դրության վերջին պարզ դարձավ, որ ճգնաժամը շատ հեռու է ավարտված լինելուց, եւ ընդդիմությանը ճնշելու փորձերը միայն ավելի են սրում լարվածությունը եւ մեծացնում դժգոհությունը: Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը մթագնվեց վստահության ճգնաժամով: Այս մասին է վկայում նաեւ երդմնակալության արարողությունից հետո Երեւանում զորահանդես անցկացնելու որոշումը? մի քայլ, որն ավելի շատ պաշտպանական եւ ահաբեկման նպատակ ուներ, քան տոնակատարության:
Որպես պաշտպանության նախարար եւ վարչապետ իր պաշտոնավարման ընթացքում եւ անգամ դրանից առաջ, Սերժ Սարգսյանին միշտ ճանաչել են որպես շախմատի սիրահար: Շախմատի նկատմամբ կիրքն էլ հենց կարող է բացատրել նրա ձգտումը մարտավարության եւ ռազմավարության նկատմամբ: Այժմ նա կիրառում է նույն մարտավարությունն ու ռազմավարությունը` նոր քաղաքական խաղատախտակի վրա:
Սարգսյանն այժմ ձգտում է կոնսոլիդացնել եւ կայունացնել իր ուժային հիմքերը: Այս ճանապարհի առաջին քայլը հենց նոր կաբինետի ձեւավորումն է: Սակայն անգամ այս քայլը մարտահրավերներ եւ դժվարություններ է պարունակում խորը եւ ակնհայտ հասարակական անվստահության պատճառով: Դրանով է բացատրվում նաեւ, որ Սարգսյանը վարչապետի պաշտոնում նշանակեց Կենտրոնական բանկի նախագահ, անկուսակցական Տիգրան Սարգսյանին: Տեխնոկրատ վարչապետի ընտրությունը նպատակ ուներ բարելավել հասարակության վստահությունը. սա մարտավարական քայլ էր` դեպի ավելի չեզոք քաղաքականություն: Նույն կերպ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ Սեյրանի Օհանյանի նշանակումը Պաշտպանության նախարարի պաշտոնում շատ լավ կշռադատված քայլ էր. ընդհանուր առմամբ? Ս. Օհանյանի կերպարը հարգանք է վայելում եւ դիտարկվում է նեղ կուսակցական շահերից դուրս մակարդակում:
Սակայն այս առաջին երկու նշանակումների բերած քաղաքական օգուտները, կարելի է ասել, մի տեսակ շռայլվեցին երրորդ նշանակմամբ, որը շատ հարցեր է առաջացնում: Թեեւ երկար ժամանակ Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վարդան Օսկանյանի պաշտոնաթողությունը վաղուց էր սպասվում, նրա փոխարինումը Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանով բավական զարմանալի էր: Նալբանդյանը համարվում է «պրոֆեսիոնալ դիվանագետ», սակայն այս նշանակման համար պարտական է ոչ այնքան իր նշանակալից դիվանագիտական փորձին կամ ձեռքբերումներին, որքան Ռուսաստանի քաղաքական էլիտայի հետ ունեցած իր կապերին, այդ թվում եւ անձնական (խոսակցություններ կան, որ նա ՌԴ քաղաքացի է): Սփյուռքահայ Վարդան Օսկանյանին ավելի ռուսակենտրոն Նալբանդյանով փոխարինելու կարեւորությունը բխում է այն հանգամանքից, որ Ս. Սարգսյանին այժմ անհրաժեշտ է ամրապնդել Մոսկվայում Հայաստանի հովանավորների վստահությունը, եւ, հավանաբար, հավասարակշռել այն ջանքերը, որը Սարգսյանը գործադրել է վերջին 18 ամիսների ընթացքում իր իմիջն Արեւմուտքում բարելավելու համար:
Ներկա փուլում, սակայն, Ս. Սարգսյանի համար իրական մարտահրավերը գալիս է ոչ թե ընդդիմությունից, այլ Ռ. Քոչարյանից: Քաջալերվելով խորհրդարանի վրա դեռ ունեցած իր ազդեցությամբ եւ նոր ձեւավորված քառակողմ կոալիցիայի խոցելիությամբ, Քոչարյանը, թվում է, մտադրություն ունի Սերժ Սարգսյանի վրա ազդել նաեւ մյուս նախարարների նշանակման հարցում:
Քոչարյանը, հատկապես, ձգտում է պաշտպանել եւ առաջ քաշել իր ամենանվիրված եւ վստահելի մարդկանց: Նա ցանկանում է, որ տարածքային կառավարման նախկին նախարար եւ նախկին փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակի քաղաքական կարիերան, մասնավորապես որպես Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար: Միեւնույն ժամանակ, Քոչարյանը ցանկանում է պաշտպանել նաեւ իր նախկին աշխատակազմի ղեկավարին` երիտասարդ Արմեն Գեւորգյանին Սարգսյանին ստիպելով նրան նշանակել փոխվարչապետ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment