Thursday, April 24, 2008

ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ. ԵՐԿՐՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՕԼԻԳԱՐԽԻԱ

«Չհայհոյել, չլացել, չծիծաղել, այլ հասկանալ»,- մեջբերելով Սպինոզայի խոսքերը, մեր երկրի ներքին իրավիճակի համար այսպիսի խորհրդով գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի հետ այսօրվա բանավեճը սկսեց բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը: Ըստ նրա, մեր իշխանության ամենաթերի կողմերից մեկն այն է համարում, որ վերջինս փորձում է մտավորականությանը լծել իր սայլին: Նա կարծում է, որ երկրին ու պետությանը գաղափարներով պիտանի լինելու համար մտավորականությունը պետք է բացարձակ անկախ լինի եւ պարտադիր չի, որ այն քաղաքականացվի, չբացառելով, որ մտավորականը որպես առանձին քաղաքացի կարող է քաղաքական այս կամ այն կողմնորոշումն ունենալ: «Ես սխալ եմ համարում մտավորականությանը որեւէ մեկի «յանից» դարձնելու արդեն սովորություն դարձրած միտումը, ինքը` մտավորականությունը, առանձին կողմ է, եւ առողջ հասարակություններում եւ առողջ պետություններում իշխանություններն են կիսում այս կամ այն մտավորականի գաղափարներն ու մոտեցումները», -ասաց թարգմանիչը: «Թող մտավորականները չլծվեն սայլին, եթե այնքան տիրապետող է միտքը, այնքան բարձր են սկզբունքներն ու տաղանդը, որ կարող են սեփական կարծիք ունենալ: Այսօր մեր ամբողջ ողբերգությունն այն է, որ սեփական կարծիքը ունենալը մեծագույն շքեղություն է դարձել», -բանախոսի միտքը շարունակելով ասաց Ալվարդ Պետրոսյանը: «Եթե պիտի տխմար մտավորականություն ունենանք, ավելի լավ է այդ մտավորականությունը չառաջնորդի մեր ժողովրդին, եւ ընդհանրապես պետության կողմն էլ չկանգնի, մեր երկրում դիտավորյալ ստեղծվում է մտավորականների հատուկ օլիգարխիա, որը զբաղված է իշխանություններին քծնելով»,- ավելացրեց Հ. Մովսեսը: Ա. Պետրոսյանի կարծիքով ժողովրդի մոտ այնպիսի կարծիք է ձեւավորվել, որ եթե գրողները գտնվում են տարբեր բեւեռներում, ապա նրանք ինչ որ շահեր են հետապնդում. «Կոնկրետ ինձ այսօր, որպես այս երկրի քաղաքացի, ամենից քիչ հետաքրքրում են իշխանության եւ ընդդիմության աթոռակռիվները, իսկ ամենից շատ մտահոգում է այն ջրբաժանը, այն բեւեռացված թշնամական դիրքորոշումը, որ մեր ազգի մեջ է մտել», -ասաց նա: Ըստ քաղաքական պատկանելիության, Ա. Պետրոսյանի կարծիքով, Հայաստանում որպես ցեղախմբեր ենք ապրում, ինչն էլ սարսափելի է: Աղբյուր` Panorama.am 230408

No comments: