Monday, November 12, 2012

ԱՄՆ-Թուրքիա. Պայմանավորվելու հերթական փորձը

«Լրագիր» 10-11-2012- Հայտնվում է, որ ԱՄՆ վերընտրված նախագահ Օբաման մտադիր է այցելել Թուրքիա, ըստ ամենայնի՝ տարածաշրջանային խնդիրներով: Տվյալ այցն, անշուշտ, ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ բավական երկարատեւ բանակցությունների ինչ որ գագաթնակետն է, որոնք տեղի են ունեցել տարբեր մակարդակներում: Տվյալ դեպքում, խնդիրը նույնիսկ տարածաշրջանային խնդիրները չեն: Խոսքն իհարկե հարաբերությունների սկզբունքային հարցերի լուծման, ԱՄՆ ռազմավարությունում եւ երկարաժամկետ մտադրություններում Թուրքիայի տեղի ու դերի մասին է: Այս խնդիրը ներառում է շատ այլ հարցեր. Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունների հստակեցումը, որոնք ճգնաժամային բնույթ ունեն, Մերձավոր Արեւելքում Թուրքիայի տեղի ու դերի սահմանումը, այս կամ այն տարածաշրջանային խնդիրների նշանակությունը ամերիկա-թուրքական հարաբերություններում, Իրանի ու Իսրայելի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումը, հնարավոր է՝ Թուրքիայի եվրասիական քաղաքականությունը, «եվրոպական նախագծի» հանդեպ ԱՄՆ դիրքորոշումն ու գնահատականները, Կիպրոսի հարցը: Ընդ որում, լիովին հնարավոր է նաեւ հայկական եւ ղարաբաղյան թեմայի քննարկումը: Թուրքիայի առջեւ կանգնել է տնտեսական համակարգային ճգնաժամի սպառնալիքը, որն ունենալու է վարկերը չվերադարձնելու բնույթ, ինչը կարող է շատ բան զրոյացնել այն ամենից, ինչ ձեռք է բերվել անցած տասնամյակում: Այդ պատճառով, Թուրքիան ավելի զիջող է դառնում, չմոռանալով 1999 թ. ճգնաժամը, երբ ԱՄՆ եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները չօգնեցին նրան: Գործընկերների ու ոչ գործընկերների վրա պատասխանատվությունը գցելու ԱՄՆ քաղաքականության արդյունքում Թուրքիան, հնարավոր բոլոր կայսերական հայտարարություններից հետո, հայտնվեց ԱՄՆ-ից բավական մեծ կախվածության մեջ, ընդ որում՝ տարածաշրջանային մի քանի ուղղություններով: Այսինքն, տեղի ունեցավ ճիշտ հակառակն այն բանի, ինչին ձգտում էր Թուրքիան՝ անկախություն ԱՄՆ-ից: Թուրքիան կոշտ շրջափակման է ենթարկվել եւ մեկուսացվել (ինչը երկար տարիներ ենթադրում էին մարգինալ վերլուծաբանները), եւ ամերիկացիների համար եկել է Անկարային «սեղմելու» ժամանակը, պահանջելու այն, ինչ համապատասխանում է տարածաշրջանում կարգուկանոն հաստատելու իրենց պատկերացումներին: Միեւնույն ժամանակ, միամտություն կլիներ սպասել Թուրքիայի կապիտուլյացիան, եւ ըստ ամենայնի, ԱՄՆ եւ Թուրքիան կփորձեն պայմանավորվել ինչ որ փոխզիջման շուրջ, կամ դրա նման ինչ որ բանի: Դժվար թե Օբաման նախընտրի հրաժարվել իր «իզոլյացիոնիստական» կուրսից եւ Թուրքիային կառաջարկի ավելի մեծ մասնակցություն իր խնդիրների լուծմանը, ինչը նշանակում է ոչ ավել, ոչ պակաս աջակցություն Անկարայի տարածաշրջանային էքսպանսիային: Հնարավոր է, որ Թուրքիան ստիպված լինի մասնակի համաձայնել ԱՄՆ գլխավոր պահանջին՝ կանոնավոր խորհրդատվություն իրականացնել տարածաշրջանում մեծ եւ ավելի նվազ նշանակության խնդիրների շուրջ: Թուրքիայի հետ հարաբերություններում խնդրահարույց ժամանակաշրջանն ավարտելու ցանկության հետ մեկտեղ, ամերիկացիներն արդեն Թուրքիայի հետ հարաբերությունների սառեցման եւ վատթարացման նշանակալի փորձ են ձեռք բերել: Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն զուգահեռ, ԱՄՆ-ին սպասում է Իսրայելի հարմարավետ գոյության հոգսը, ինչպես նաեւ գուցե առավել բարդ խնդիր՝ գործնականում զրոյից հարաբերություններ կառուցել արաբական պետությունների, նախեւառաջ Եգիպտոսի եւ Իրաքի հետ: Արաբական պետություններն իհարկե պահանջներ կդնեն ԱՄՆ առաջ, այդ թվում թուրքական տարածաշրջանային հավակնությունների հարցը: ԱՄՆ-ին չի հաջողվել կիրառել պայմանավորվածությունների պրակտիկան, օրինակ, միայն Սաուդյան Արաբիայի հետ արաբական ընդհանուր խնդիրների շուրջ: Սակայն, ԱՄՆ մերձավորարեւելյան քաղաքականության համար ամենակարեւոր խնդիրը իրանական ուղղությամբ Թուրքիայի ներգրավումն է: Ներկայում Անկարան շատ է ցանկանում պարզել հարաբերություններն ԱՄՆ հետ եւ դրանք կարգավորել: Սակայն դա կնշանակեր հրաժարում սեփական էքսպանսիոնիստական հավակնություններից: Բավական ցուցադրական պարզվել է, որ ԱՄՆ չի կարող թույլ տալ ուժի ինքնուրույն կենտրոն Մեծ Մերձավոր Արեւելքում: Ամեն դեպքում, փոխզիջումը բավական հարաբերական է լինելու եւ կարճատեւ: Առավել եւս, որ ոչ եվրոպական, ոչ էլ մերձավորարեւելյան պետություններն ամենեւին շահագրգռված չեն թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորմամբ:

No comments: