Monday, May 19, 2008

500 միլիոն դոլարանոց թղթադրամ

Զիմբաբվեում տեղական դոլարի արժեզրկումը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել: Մարտ ամսին ինֆլյացիան կազմել է 355 հազար տոկոս: Երկրի տնտեսական եւ ֆինանսական համակարգը աննախադեպ ճգնաժամի մեջ են:
Քաղաքական առումով էլ տոտալ անորոշություն է, վիճահարույց ընտրություններից հետո օրինական նախագահ չկա, եւ հունիսի 27-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ պայքարելու են երկրի երկարամյա ղեկավար, բռնապետ Ռոբերտ Մուգաբեն եւ ընդդիմության առաջնորդ, մեկնաբանների եւ դիտորդների համոզմամբ, առաջին փուլում հաղթած թեկնածու Մորգան Ցվանգիրայը:
Մինչդեռ, երեկ Զիմբաբվեի կենտրոնական բանկը թողարկել է 500 միլիոնանոց թղթադրամ: Բանկը տեղական The Herald օրաթերթում զետեղել է նոր թղթադրամի գովազդը, ըստ որի` «500-միլիոնացոցը շատ հարմար թղթադրամ է»: «Ֆրանսպրես» գործակալությունը նշում է, որ այն իսկապես կօգնի մարդկանց, քանի որ Զիմբաբվեում նրանք ստիպված են փողով լի մեծ պայուսակներով գնալ շուկա կամ խանութ: Մի քանի ամիս առաջ Զիմբաբվեում հյութի մեկ շիշն արժեր... կես միլիոն դոլար:
500 միլիոն զիմբաբվեական դոլարը հավասար է երկու ամերիկյան դոլարի:
Մասնագետների համոզմամբ, եթե իրավիճակը չփոխվի, ապա մեկ տարում Զիմբաբվեում գնաճը կկազմի երկու հազար տոկոս: «Միջազգային հանրությունը կարեկցում է զիմբաբվեցիներին, բայց եւ հետաքրքրասիրությամբ սպասում է, թե երբ այդ երկրի Կենտրոնական բանկը կթողարկի մեկ միլիարդանոց թղթադրամը», - գրել է «Ֆրանսպրես»-ի մեկնաբանը:

No comments: