Wednesday, May 28, 2008

Ի պաշտպանություն Ժիրայր Սէֆիլյանին

Ա1+. 27 Մայիսի, 2008 . Ի պաշտպանություն Ժիրայր Սէֆիլյանի այսօր նրա համակիրներն ու մտերիմները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ-ում Լիբանանի դեսպանության մոտ: Բողոքի ակցիան վերածվեց մտահոգությունների փոխանակման: Պարզվեց, որ Ժիրայր Սէֆիլյանի հնարավոր արտաքսումը ՀՀ-ից նույնքան մտահոգում է Լիբանանի դեսպանության աշխատակիցներին, որանք Սէֆիլյանի հարազատներին ու համակիրներին: Այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին մեծ սիրով ընդունեց ՀՀ-ում Լիբանանի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Իբրահիմ Ասսաֆը:
«Ժիրայր Սէֆիլյանը Լիբանանի քաղաքացի է եւ մենք պետք է նկատի ունենանք այդ հանգամանքը: Մեր դեսպանությունը ծանոթ է Սէֆիլյանի խնդրին, եւ մեր դեսպանը մի քանի անգամ նրան այցելել է ազատազրկման վայր»,- տեղեկացրեց պարոն Ասսաֆը: Նշելով, որ դեսպանությունը իրավունք չունի միջամտել ՀՀ իշխանությունների գործողություններին, ինչպես նաեւ դատական համակարգի գործունեությանը` պարոն Ասսաֆը նշեց, որ իրենք խնդիրը բարձրացնում են դիվանագիտական խողովակներով եւ մարդասիրական տեսանկյունից:
«Մենք գիտենք, որ ՀՀ իշխանությունները դիմել են Վարչական դատարան պարոն Սէֆիլյանին արտաքսելու պահանջով, սակայն մենք պաշտոնական գրություն դեռ չենք ստացել եւ այդ մասին տեղեկացել ենք միայն մամուլից: Սէֆիլյանի արտաքսման կապակցությամբ մենք մեր մտահոգություն ենք հայտնել ՀՀ ԱԳՆ-ում մեր հանդիպումների ընթացքում եւ հայտնել, որ Սեֆիլյանի կինը մեր աշխատակիցն է, եւ նրա արտաքսման դեպքում ընտանիքը խնդիրների առաջ կկանգնի»,-ասաց նա: Իբրահիմ Ասսաֆը նաեւ հայտնեց, որ Սէֆիլյանի արտաքսումը ՀՀ իշխանություններն առաջին հերթին պետք է համաձայնեցնեն Լիբանանի դեսպանության հետ, ինչը չեն արել: Ինչ վերաբերում է իրենց քաղաքացու արտաքսմանը, ապա դեսպանի ժամանակավոր հավատարմատարը տեղեկացրեց, որ Լիբանանի եւ Հայաստանի օրենսդրությունը այս հարցերում ընդհանրություններ ունեն. «Երկու օրենքներով էլ, եթե քաղաքացին ունի անչափահաս երեխաներ տվյալ երկորւմ, ապա նրան չի կարելի արտաքսել այդ երկրից»:
Ի դեպ, քանի որ Ժիրայր Սէֆիլյանի կինը դեսպանատան աշխատակից է, ապա նրա երեխաները եւ ամուսինը Հայաստանում առնվազն ժամանակավոր ապրելու իրավունք ունեն եւ արտաքսումը բացառվում է նաեւ այս դեպքում:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը պարոն Ասսաֆին տեղեկացրեց, որ Սէֆիլյանի 1 ու կես տարի է քաղաքական հետապնդումնների է եւնթարկվում եւ այդ փաստը արձանագրել է նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը եւ Սէֆիլյանի արտաքսելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության հայցը նրա հետապնդումների շարունակությունն է: «Ես հույս ունեմ, որ Սէֆիլյանի խնդիրը այնպես չի հանգուցալուծվի, որ նրա ընտանիքը տուժի»,- հրաժեշտից առաջ հույս հայտնեց Իբրահիմ Ասսաֆը եւ խոստացավ, որ դեսսպանությունը կշարունակի մարդասիրական տեսանկյունից աջակցել իր քաղաքացուն` Ժիրայր Սէֆիլյանին:
«Խնդրի մարդասիրական կողմը ամրագրված է հենց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածում եւ արգելում է ծնողին արտաքսելով` զրկել իր երեխաների հետ շփվելու իրավունքից: Դա անմարդկային վերաբերմունք է»,- «Ա1+»-ին հայտնեց Զարուհի Փոստանջյանը: Տիկին Փոստանջյանը «Ա1+»-ին նաեւ տեղակրեց, որ Աժ տեղ գտած ուժեից միայն դաշնակցություն է հրաժարվել մասնակցել Սէֆիլյանի արտաքսումը կանխելու ստորագրահավաքին.«ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ինձ ասացին, որ շատ մտահոգված են խնդրով եւ հարցը քկննարկելու են իրենց խմբակցություններում:»: Կարելի՞ է ասել, որ միայն ՀՅԴ-ն է կողմ Սէֆիլյանի արտաքսմա՞նը. «Ա1+»-ի հարցին` Զարուհի Փոստանջյանը պատասխանեց.«Այո: Փաստորեն, միայն ՀՅԴ-ն է կողմ Սէֆիլյանի արտաքսմանը»:
Այսօր ի պաշտպանություն Սէֆիլյանի բողոքի ակցիա է տեղի ունեցել նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մոտ: Սէֆիլյանի համակիրները բաց նամակ են ուղղել դեսպանին, որտեղ պահանջում են ՀՀ իշխանություններից պահանջել դադարեցնել Սէֆիլյանի իրավունքների ոտնահարումը:

No comments: