Wednesday, May 28, 2008

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԵՆ ՏԱԼԻՍ ԿԱՄ ՝ ՀՅԴ Ն ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՆԱՐԱՆԸ ՉԻ ԵՂԵ՞Լ

Ա1+. [17:54] 27 Մայիսի, 2008 . Դաշնակցական նախարարներն առաջիկա շաբաթվա ընթացքում հրաժարական են ներկայացնելու: Այս մասին այսօր 5- օրյա Ընդհանուր ժողովի ավարտից հետո հայտարարեց ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը: Նախարարների հրաժարականի պատճառը, սակայն, քաղաքական չէ, պարզապես նրանք ընտրվել են ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ որպեսզի այդ անդամությունն իրականացնեն պատշաճ կարգով, իրենց ցանկությամբ հրաժարական են տվել: Նրանց պաշտոններում կփոխարինեն այլ դաշնակցականներ, սակայն հարցը քննարկելու եւ որոշում կայացնելու է կուսակցության Գերագույն Մարմինը: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հրաժարականի պատճառն այն չէ, որ մյուս դաշնակցականները դժգոհ են, որ անընդհատ նույն մարդիկ են մնում պաշտոններում, Հրանտ Մարգարյանը պատասխանեց, որ այդպիսի բան չկա, եւ հրաժարականի որոշումը կայացրել են իրենք՝ սեփական ցանկությամբ՝ «99 տոկոսը իրենց որոշումն է»: Մայիսի 21-26-ը Ծաղկաձորում տեղի ունեցած Ընդհանուր ժողովը հայտարարություն է ընդունել, որում ասված է, որ. «Նախագահի վերջին ընտրություններից հետո ՀՅԴ-ն կարող էր բնական կերպով որդեգրել խորհրդարանական առողջ ընդդիմության կեցվածք: Սակայն հետընտրական շրջանի իրադարձությունների հետեւանքով անկախ պետականությանը սպառնացող ներքին եւ արտաքին վտանգները կուսակցությանը դրեցին երկրի կայությունյունը եւ ինքնիշխանությունը պահպանելու առաջնահերթության եւ պատասխանատվության առջեւ»: Սակայն նույն հայտարարության մեջ ասված է, որ եթե կոալիցիան չկատարի իր խոստումները, ՀՅԴ-ն կդադարի կոալիցիային անդամակցելուց եւ կդառնա ընդդիմություն եւ իր ծրագրերը կիրականացնի իշխանությունից դուրս՝ «առանց վտանգելու երկրի անվտանգությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարության, գաղափարական եւ քաղաքական իր սկզբունքներին»: Ի դեպ, արդեն իսկ այսօրվա ասուլիսում որոշ հարցերում իշխանության մյուս ուժերի հետ տարակարծություն նկատվեց. մասնավորապես, պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե նախորդ շաբաթվա վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն հաստատել է 5 շրջանների վերադարձի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության փաստը, ինչպե՞ս է ՀՅԴ-ն վերաբերում դրան, Հրանտ Մարգարյանն ասաց, որ իրենք դեմ են նրան, որ «սկսում են հենց տարածքները տալով», բայց կողմ են խաղաղ բանակցությունների անցկացմանը: Մյուս տարակարծությունը թերեւս այն է, որ ՀՅԴ-ն չի ողջունում Ժիրայր ՍԷֆիլյանի արտաքսումը, եւ նույնիսկ այդ մասին անձամբ Հրանտ Մարգարյանը հայտնել է Սերժ Սարգսյանին: Եվ գտնում է, որ յուրաքանչյուր հայ պետք է ստանա ՀՀ քաղաքացիություն: Ի դեպ, հայտարարության մեջ ՀՅԴ Բյուրոն կոչ է արել աշխարհի բորոլ հայերին դառնալ ՀՀ քաղաքացի: Մեր հարցին, թե արդյո՞ք մարտի 1-ի դեպքերի մասին խոսվել է ժողովի ժամանակ եւ բացի ընդդիմությունից այլ մեղավորներ տեսնո՞ւմ են, Հրանտ Մարգարյանը ասաց, որ իրենք երբեք մի կողմին չեն մեղադրել եւ կարծում են, որ երկու կողմն էլ եղավոր է երկրում ստեղծցած մթնոլորտի համար: Նա ամենաքիչը իրենց մեղադրեց եւ ասաց, որ բարեբախտաբար հետընտրական պրոցեսներում իրենք ոչ այս, ոչ այն կողմից չէին եւ միայն հանդուրժողականության, սթափության կոչեր էին անում, եւ մեղավոր են այնքանով, որքանով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Նա մեղադրեց նաեւ ագրեսիվ մամուլին, որը պատրաստ է բզկտել տրամաբանական խոսք ասած մարդուն, մեղադրեց մտավորականներին եւ կոչ արեց առանց «կողմնակի հաշիվներ անելու» իր կարծիքը հայտնի երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Իսկ հարցին, թե իրենք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանն էին, արդյո՞ք Սերժ Սագսյանին էլ են այդպես վերաբերում, Հրանտ Մարգարյանը ասաց. «Մենք ոչ Ռոբերտ Քոչարյանի հենարանն ենք եղել, ոչ էլ Սերժ Սարգսյանի», իրենք կուսակցություն են, որ պարտավոր է լինել պետության հենարանը, անվտանգության հենարանը:

No comments: