Monday, May 12, 2008

ԴԵ ԹՈՂ ԱԶՆՎՈՐԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵՆ, ՈՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԷՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ

Նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի օր առաջ ասում էր, թե եթե կառավարությունը ազնիվ լինի ժողովրդի հետ, ապա ժողովուրդը կհասկանա գնաճը եւ այն չի դառնա կառավարության հանդեպ անվստահության լրացուցիչ պատճառ: Ինչ խոսք, դժվար է վիճարկել Տիգրան Սարգսյանի այդ միտքը: Սակայն այդ դժվարությունը թերեւս պայմանավորված է ոչ միայն մտքի անթերիությամբ կամ կատարելությամբ, այլ նաեւ մի փոքր անհասկանալիությամբ: Ինչ է նշանակում լինել ժողովրդի հետ ազնիվ: Բանն այն է, որ գնաճի պարագայում, հատկապես Հայաստանի գնաճի, հնարավոր են ազնվության մի քանի տարբերակներ: Օրինակ, ազնվություն է այն, որ կառավարությանը հասարակությանը տրամադրում է հստակ տեղեկություն եւ կոնկրետ բացատրություններ եւ վկայություններ, որ ասենք որեւէ ապրանք աճել է իքս դրամ, քանի որ միջազգային շուկայում այդ ապրանքի գինը աճել է իգրեկ դրամ: Այսինքն ժողովուրդը կտեսնի, որ պատճառն իսկապես միջազգային գինն է ու չի մեղադրի կառավարությանը:
Սակայն, ազնվություն է նաեւ այն, որ կառավարությունը շիտակ հայտարարի, որ միջազգային գները գնաճի պատճառ չեն, այլ ընդամենը պատրվակ, քանի որ միջազգային գները թանկանում են իքս դրամ, իսկ Հայաստանում թանկացումները լինում են իքս անգամ առնվազն երեք-չորս դրամ, որովհետեւ օլիգարխներն այդպես են ցանկանում, որպեսզի օգտվելով առիթից, հետ բերեն խորհրդարանի եւ նախագահի ընտրությանն իրենց ծախսած միլիոնավոր դոլարները, կամ փոխհատուցեն այն զսպումները, որ ստիպված էին անել նախընտրական ժամանակահատվածում գները չբարձրացնելու համար, քանի որ դա լրացուցիչ դժգոհություն կառաջացներ հասարակության մոտ եւ էլ ավելի կբարդացներ վերարտադրության խնդիրը: Այդ իրողությունը խոստովանելու մոտեցումը նույնպես կլինի ազնիվ, այսինքն կառավարությունը կասի` «սիրելի ժողովուրդ, ճիշտ է, միջազգային գներն աճում են, բայց Հայաստանում դրանց տեմպը էլ ավելի մեծ է, որովհետեւ օլիգարխները օգտվում են առիթից, իսկ մենք էլ ազնվորեն խոստովանում ենք, որ ի վիճակի չենք զսպել օլիգարխների ախորժակը»:
Հիմա, ազնվության որ մի տարբերակը նկատի ունի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Դատելով գազալցակայաններում եւ որոշ երթուղային գծերում տեղի ունեցածից, կարելի է ասել, որ առաջին տարբերակի հավանականությունը գրեթե բացառվում է, համենայն դեպս դեռեւս, եւ շատ ավելի իրական է երկրորդ տարբերակը: Բանն այն է, որ գազի գնի 30 դրամ թանկացման դեպքում, գազալցակայանները թանկացնում են 70 դրամով, իսկ երթուղայիններն էլ, իհարկե դեռ ոչ բոլորը, բայց մի զգալի մասը, թանկ խաղեր է տալիս 100 դրամի սահմանում: Ինչու ենք ասում խաղ, քանի որ այն, ինչ երթուղային որոշ գծեր անում էին օրերս, նման էր հենց հասարակության հետ մուկն ու կատու խաղալուն, երբ օրվա տարբեր ժամերի երթուղայինները տարբեր գներ էին սահմանում, գցում էին իրար վրա, գծատերը վարորդին էր ասում, թե կամայականություն է արել, վարորդը ասում էր, թե գծատերն է ասել թանկացրու: Ժողովուրդն այդ ամենից բան չէր հասկանում, բացի նրանից, որ Հայաստանում փաստացի կառավարություն չկա, կամ եթե կա, ապա միայն խոսելու համար, իսկ գործը անում են բոլորովին այլ շրջանակներ, եւ անում են ինչպես որ իրենք են նպատակահարմար գտնում:
Օլիգարխիկ ախորժակի համեմատ, կառավարության ազնվության դրսեւորումներ առայժմ նկատելի չեն: Սակայն թող հասարակության մոտ թյուր տպավորություն չստեղծվի, թե այդ ամենը չար ու վատ, անկուշտ օլիգարխիայի ձեռքի գործն է: Օլիգարխիան ընդամենը հետեւանքն է այն քաղաքականության, որ Հայաստանում տարիներ շարունակ իրացրել է իշխանությունը, եւ դրա հետեւանքն է նաեւ ներկայիս գրեթե անկառավարելի, կամ ավելի ճիշտ կլինի ասել անբարեխիղճ գնաճը, քանի որ այն միանգամայն կառավարելի է, եթե լինի նման ցանկություն: Այդ տեսանկյունից իհարկե ներկայիս կառավարությանն էլ մեղադրել կարելի է այնքանով, որքանով որ դրա անդամներն ու ղեկավարը մասնակից են եղել նախորդ տարիների քաղաքականությանը, այդ թվում եւ հանրապետության նոր նախագահը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ներկայիս նախագահն ու վարչապետը, եւ նաեւ նախարարերի զգալի մասը, եղել են նախորդ տարիների քաղաքականության անմիջական կրողներ եւ բացական, փաստացի, միայն Ռոբերտ Քոչարյանն է: Համենայն դեպս դե յուրե բացական: Այնպես որ, նաեւ թյուր է այն կարծիք, ըստ որի, պետք է ժամանակ տալ ներկայիս իշխանություն-կառավարությանը, քանի որ այն բավական բարդ ժառանգություն է ստացել եւ պետք է գործողություններ կատարի այն հաղթահարելու համար: Եթե դա այդպես է իրականում, ապա թող ներկայիս իշխանությունը` նախագահը, վարչապետը եւ նախարարների գերակշիռ մասը, հայտարարեն, որ նախորդ տարիներին իրենց աշխատանքին խանգարում էր Ռոբերտ Քոչարյանը, եւ հիմա իրենք խնդիր ունեն վերացնել նրա կառավարման հետեւանքը: Այդ դեպքում իրավիճակը կլիներ իսկապես ազնիվ, իհարկե երեւի թե ոչ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Բայց մյուս դեպքում անազնիվ է ասել, թե նոր իշխանությանը ժամանակ է պետք, քանի որ ներկայիս իրավիճակը նոր իշխանությունը չի ժառանգել, այլ օժիտ է բերել իր հետ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ. «ԼՐԱԳԻՐ», 07.05.08:

No comments: