
Իշխանության ներկայացուցիչները արձանագրության ստորագրումը բացատրում էին երկրի պաշտպանունակության ամրապնդման համար դադար ստանալու, տնտեսական ճգնաժամը հաղթահարելու եւ խոշոր տերությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից Ադրբեջանի դիրքորոշման ճանաչմանը հասնելու նպատակով: Իշխանությունները կարողացե՞լ են, արդյոք, այդ «դադարը» ճիշտ օգտագործել եւ ուժերի հավասարակշռությունը փոխել իրենց օգտին:
Վերջերս պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է , որ ադրբեջանական բանակում հիմնովին լուծվել են հիմնախնդիրները, որոնք երբեւէ տեղ էին գտել տեխնիկայի, զինամթերքի մատակարարման ոլորտում. «Այսօր կարելի է ասել, որ ադրբեջանական բանակը հիմնախնդիրներ չունի: Ռազմական բյուջեի մեծացումից հետո մատակարարումը բարելավվել է բոլոր բնագավառներում: Ադրբեջանական բանակն օրեցօր ամրապնդվում է»:
Սակայն ռազմական փորձագետ Ալեքպեր Մամեդովը համաձայն չէ պաշտպանության նախարարի կարծիքին: «Ի՞նչ լուծված հիմնախնդիրների մասին է խոսում նախարարը: Առայսօր ծնողները ստիպված իրենք են զինվորներին ապահովում սննդամթերքով, քանի որ զինվորներին տրվող սնունդը հաճախ ուտելու համար պիտանի չի լինում»,- ընդգծել է ռազմական փորձագետը: Նա նաեւ նշել է, որ զինված ուժերի սպայակազմին տրվող աշխատավարձը շարունակում է մնալ բավականին ցածր եւ այն չի հերիքում նույնիսկ նվազագույն պահանջմունքների բավարարման համար: Ա. Մամեդովը համաձայն չէ նաեւ նախարարի այն կարծիքին, թե ադրբեջանական բանակում հիմնախնդիրներ գրեթե չկան: «Հիմնախնդիրներ կան, եւ դրանցից գլխավորը կոռուպցիայի բարձր մակարդակն է»: Միաժամանակ, ռազմական փորձագետը որպես դրական կողմ նշել է այն, որ կրակի դադարեցման ռեժիմի հաստատումից հետո ստեղծվել է միասնական հրամանատարություն, որին ենթարկվում են պաշտպանության բոլոր ուժային կառույցները:
Նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը շատ բարձր է գնահատում երկրի նվաճումները կրակի դադարեցման ռեժիմից հետո ընկած ժամանակամիջոցում: Ի պատասխան մեր թղթակցի այն նկատառմանը, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի գրավյալ տարածքների մասին բանաձեւի ընդունմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեմ են քվեարկել, Ա. Հասանովը պատասխանել է, որ նշված հիմնախնդրի լուծման հետաձգումը կապված է այն բանի հետ, որ խոշոր տերություններն այդ հարցում հանդես են գալիս իրենց սեփական շահերի դիրքերից, ինչպես նաեւ՝ այն աջակցության հետ, որ Հայաստանը ստանում է միջազգային ասպարեզում իր լոբբինգի օգնությամբ: «Սակայն դա ամենեւին չի նշանակում, թե մենք պետք է հրաժարվենք միջազգային կազմակերպությունների, համաշխարհային հանրության եւ խոշոր տերությունների հետ աշխատելուց»,- հայտարարել է Ա. Հասանովը:
«Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը դրական է գնահատել Բիշքեկյան պայմանագրի ստորագրումը. «Քանի որ այդ պահին Ադրբեջանի դրությունը չափազանց ծանր էր, եւ մենք դադարի կարիք ունեինք: Բայց, դժբախտաբար, ներկա վարչակարգը չկարողացավ ճիշտ օգտագործել այդ ընդմիջումը: Չգործածվեց հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ ամբողջ ներուժը: Չանցկացվեցին նաեւ սկզբունքային բանակցություններ: Եվ արդյունքում, չնայած Բիշքեկյան պայմանագրի ստորագրումից արդեն 14 տարի է անցել, մեր տարածքները դեռ շարունակում են մնալ հայերի ձեռքում»:
« Զերկալո», Բաքու
No comments:
Post a Comment