Tuesday, June 17, 2008

Քրիստոնեական ամենահին եկեղեցին` Հորդանանո՞ւմ

Հորդանանցի հնագետները մայրաքաղաք Ամմանից 40 կիլոմետր հյուսիս-արեւելք գտնվող Ռիհաբ ավանում հայտնաբերել են շինություն, որը, նրանց համոզմամբ, «աշխարհում ամենահին քրիստոնեական եկեղեցին է»:
Կառույցը գտնվել է Ռիհաբի Սուրբ Գեւորգի եկեղեցու հիմքերի տակ՝ քարանձավում: Այդ եկեղեցու հատակին կա խճանկար` մի գրութամբ, որի համաձայն, «փախչելով հետապնդումներից՝ Աստծո եւ Մարգարեի 70 սիրելի աշակերտներ Երուսաղեմից տեղափոխվել են Հորդանանի հյուսիս, Ռիհաբի շրջան»:
«Պեղումների ընթացքում մենք գտել ենք շինություն, որը, մեր համոզմամբ, աշխարհում առաջին եկեղեցին է. այն կառուցվել է մեր թվարկության 33-70 թվականներին», - ասել է Ռիհաբի հնագիտության կենտրոնի ղեկավար Աբդուլ Քադեր Հասանը:
Գիտնականի կարծիքով, ամեն ինչ վկայում է այն մասին, որ «70 աշակերտները ընդհատակյա կյանք են վարել, դուրս չեն եկել քարանձավից եւ այնտեղ էլ իրենց կրոնական ծեսերն են կատարել»: Աբդուլ Քադեր Հասանը ենթադրում է, որ այդ մարդիկ ապրել են ընդհատակյա կառույցում մինչեւ Հռոմի կողմից քրիստոնեության ընդունումը, ինչից հետո շինության վրա կառուցվել է Ռիհաբի Սուրբ Գեւորգ եկեղեցին:
«Մենք հայտնաբերել ենք բրուտագործական իրեր, որոնք պատրաստվել են 3-7-րդ դարերի ընթացքում: Այդ գտածոները թույլ են տալիս ենթադրել, որ առաջին քրիստոնյաները եւ նրանց ժառանգները շարունակել են այստեղ ապրել մինչեւ հռոմեացիների իշխանության վերջին շրջանը», - ասել է հորդանանցի հնագետ Հասանը:
DPA լրատվական գործակալությունը վկայակոչել է Հույն Ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգեւոր սպասավոր, ծայրագույն վարդապետ Նեկտարիոսին, ով ասել է, թե Ռիհաբի այդ քարանձավը «կարեւոր եւ բեկումնային նշանակության հայտնագործություն է աշխարհի բոլոր քրիստոնյաների համար»:
«Աշխարհում կա ընդամենը եւս մեկ նման ձեւի եւ նպատակի ծառայող քարանձավ, որը հայտնաբերել են Հունաստանում` Սալոնիկում», - ասել է ծայրագույն վարդապետ Նեկտարիոսը: Հորդանանի զբոսաշրջության նախարարությունը մտադիր է հայտնաբերված քարանձավն առաջիկայում դարձնել եկամտաբեր հիշարժան վայր, ուր կայցելեն օտարերկրացի զբոսաշրջիկները:

No comments: