Monday, June 23, 2008

«ՈՉ ՄԻ ՄԱՐԴ ՔԱՂԱՔ ՉՏԱՆԵԼ»

«Ա1+», 20.06.08: Այսօր առավոտվանից Աշտարակի, Արտաշատի,Մասիսի, Արմավիրի, Հրազդանի, Չարենցավանի միկրոավտոբուսները դատարկ են գալիս Երեւան: Երբ մի վարորդից փորձեցինք ճշտել, թե ինչի հետ է դա կապված ասաց.«Չգիտեք, հանրահավաք է, դրա համար էլ այդպիսի հրաման են տվել, ոչ մի մարդ քաղաք չբերել»: Նա ասաց, որ ոստիկանները կանգնեցնում, ստուգում են մեքենան, հետո նոր թողնում: Վարորդները նշում էին, որ այդպես աշխատելու դեպքում իրենք «տակ են տալիս», քանի որ չեն կարողանա նույնիսկ գծի փող տան: Եվ նրանցից շատերը նախընտրել է ընդհանրապես այսօր նման պայմաններում չաշխատել: Ու արդյունքում մարզերի բնակիչները ոչ միայն չէին կարողանում Երեւան գալ, այլեւ եկողները չեն կարողանում տուն վերադառնալ: Իսկ Չարենցավանից մի կերպ Երեւան հասած Աշոտը պատմում է, որ ոստիկանական մեքենաները փակել են ճանապարհը եւ մարդկանց ասում են, որ եթե շատ են ուզում, իջնեն եւ ոտքով հասնեն Երեւան: Իսկ Մատենադարանի մոտ, որտեղ եւ նախատեսված է այսօր հանրահավաք կազմակերպել, կեսօրին դեռ ընդամենը մի քանի ոստիկաններ էին: Նրանք ասացին, որ այստեղ իրենց աշխատանքն են կատարում: Ազատության հրապարակում էլ մանկական կարուսելներ էին տեղադրված, որտեղ այսօր պետք է անցկացվի «Փոքրիկ երեւանցի» միջոցառումը: Նշենք, որ հունիսի 12-ին Երեւանի քաղաքապետարանը արգելել էր ընդդիմադիրներին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել՝ պատճառաբանելով, որ հունիսի 20-ին այստեղ մշակութային այլ միջոցառում է կազմակերպվելու: Ազատության հրապարակում մի մեծ ավտոբուս կար կանգնած, որի մեջ ոստիկաններ էին նստած:

No comments: