Wednesday, August 13, 2008

Մամլո հաղորդագրություն

«Ժառանգությունը» պահանջում է վերջապես պատժել լրագրողների եւ ընդդիմության կողմնակիցների նկատմամբ բռնություն կատարողներին 12 օգոստոսի 2008թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցությունը եւ ԱԺ համանուն խմբակցությունը դատապարտելի են համարում երկրում օրավուր խորացող անպատժելիության մթնոլորտը, որի հերթական դրսեւորումը «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի նկատմամբ օգոստոսի 11-ի առավոտյան իրականացված դաժան հաշվեհարդարն էր: Հակված ենք հիմնավոր այն տեսակետին, որ այս հանցագործությունն ազդեցիկ պատվիրատուներ ունի: Վերջին շրջանում Լուսինե Բարսեղյանը թերթի էջերում հանդես էր գալիս բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների, ՏԻՄ ղեկավարների եւ օլիգարխների անօրինական գործունեությունը մերկացնող բացահայտումներով: Հատկանշական է նաեւ, որ 2008թ. նախագահական ընտրությունների քվեարկության օրը` փետրվարի 19-ին, Էրեբունի համայնքի թիվ 13/16 ընտրատեղամասում լրագրողական առաքելություն իրականացնող Լուսինե Բարսեղյանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ բռնությունների ենթարկվեց ոստիկանության բարձրաստիճան սպաների ներկայությամբ ու մասնակցությամբ: Ինչպես հայտնի է, այս ամենի համար ոչ ոք քրեական պատասխանատվության չենթարկվեց` բացառությամբ հանձնաժողովի նախագահի, ով ընդամենը տուգանվեց 300 հազար դրամով` «նրանց աշխատանքին խոչընդոտելու համար»: Ակնհայտ է, որ դրանով իսկ իշխանական տարբեր շրջանակների անվան հետ աղերսվող «պատժիչ» որոշ խմբերի անպատժելիության երաշխիք է տրվել վարչախմբի քիմքին անհաճո անձանց նկատմամբ բռնություններ կատարելու համար: Ելնելով վերոնշյալից, «Ժառանգություն» կուսակցությունը եւ ԱԺ համանուն խմբակցությունը` - հայտարարում են, որ այսօրինակ դրսեւորումներում իշխանությունները հավասարապես մեղսակից են առնվազն իրենց անգործությամբ կամ նրանով, որ փաստացի չեն վերահսկում երկրում օպերատիվ իրավիճակը, - հավաստիացնում են ամեն կարգի սափրագլուխներին ու նրանց փոքրոգի տերերին, որ միեւնույն է, երբեք չի հաջողվի լռեցնել ազատ խոսքը, - զորակցում են բոլոր համարձակ լրագրողներին եւ ընդդիմության գործուն կողմնակիցներին` ըստ ամենայնի սատարելով նրանց գործունեությանը, - հիշեցնում են իրավապահ մարմիններին իրենց իսկ պարտականությունը` վտանգազերծել երկրում անպատիժ վխտացող հանցավոր խմբավորումներին, - փաստում են, որ նման բռնարարքներն ու կամայականություններն են այն պարարտ ենթահողը, որից սնունդ են առնում պետական մարմինների նկատմամբ հասարակական անվստահությունն ու արդար ընդվզումը:

No comments: