Tert.am. 12-3-2012-Ամերիկյան «Էնթըրփրայզ» ատոմային ավիակիրը լքել է Վիրջինիա նահանգի Նորֆոլկի բազան և շարժվում է Միջերկրական ծով, որտեղ կիրականացնի մարտական հերթապահություն, իսկ ավելի ուշ կուղևորվի Պարսից ծոց` Իրանի դեմ պատերազմի դեպքում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ավիակիր հարվածային խումբը` «Էնթըրփրայզ»-ի գլխավորությամբ, իր յոթամսյա ուղևորության մեծ մասը կանցկացնի Մերձավոր Արևելքում, ԱՄՆ Ռազմածովային ուժերի Հինգերորդ օպերատիվ նավատորմի կազմում, որի շտաբը գտնվում է Բահրեյնում:
Ի դեպ, «Էնթըրփրայզ»-ն արդեն մասնակցել է Իրանի դեմ ռազմական գործողություններին: 1988թ. իրանցի զինվորականների կողմից Պարսից ծոցի ջրային տարածքի ականավորմանն ի պատասխան` «Էնթըրփրայզ»-ի ինքնաթիռները գնդակոծել են Իրանը:
Վերջին ճանապարհորդությունը դուրս եկած ավիակրի վրա գտնվում է ավելի քան 60 տարատեսակ ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռ, ներառյալ` 48 F/A-18 տիպի «Հորնեթ» կործանիչները:
Թեհրանի և Իսրայելի վերջին հայտարարությունների ֆոնին Իրանին հարված հասցնելու հավանականությունը շատ բարձր է: Երեկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկրի պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հնչող սպառնալիքներին ոչ մի նշանակություն չի տալիս:
«Աստված ինձ վկա, Իրանը թքած ունի ձեր ռումբերի, մարտական նավերի ու ինքնաթիռների վրա»,- ասել է իրանցի նախագահը` դիմելով ԱՄՆ-ին ու Իսրայելին:
Իսկ ուրբաթ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հերթական ագրեսիվ հայտարարությունն էր արել, որ Իրանին հարված կարող է հասցվել ոչ հեռու ապագայում:
Tuesday, March 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment