Wednesday, August 6, 2008

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր է, սակայն դժվար թե դա լինի լայնամասշտաբ գործողություն

/PanARMENIAN.Net/ «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր է: Ճիշտ է, չեմ կարծում, թե դա լայնամասշտաբ գործողություն կլինի»,-PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի պետ Միխաիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքերով, Ադրբեջանը կփորձի լոկալ գործողություններ ձեռնարկել, որոնք հարկավոր են նախագահ Ի.Ալիեւին նախընտրական արշավի համար: Իրական ռազմական գործողությունների դեպքում Բաքուն հաղթանակի չի հասնի եւ ստիպված է լինելու նահանջել: Ալիեւը ցանկանում է ցույց տալ, որ ինքը մտահոգ է եւ ինչ-որ բան ձեռնարկում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, հակառակ դեպքում նրան կմեղադրեն, որ նա հանձնեց Ղարաբաղը: «Սակայն, ես կարծում եմ, որ մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտությունն իր լուծումը չի ստանա: Հայաստանի իշխանությունները հակամարտության հարցում սկզբունքային զիջումներ չեն անի: Ղարաբաղյան հակամարտությունը դեռ երկար ժամանակ այս վիճակում կմնա: Աշխարհում այժմ գլոբալ գործընթացներ են ընթանում, որի պատճառը տնտեսական ճգնաժամն է, եւ որը կհանգեցնի ԱՄՆ-ի հնարավոր հեռացմանը Իրաքից եւ ՆԱՏՕ-ի փլուզմանը: Բոլոր այդ փոփոխությունները կփոխեն նաեւ տարածաշրջանի աշխարհաքաղաքական վիճակը»,-գտնում է Ալեքսանդրովը: Ըստ ամենայնի, Իլհամ Ալիեւը «չափազանց նյարդայնացած էր» Սերժ Սարգսյանի հաղթանակով 2008թ. փետրվարին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններում: «Ալիեւին ակնհայտորեն որոշակի ավանսներ էին արվել Արեւմուտքից, որ եթե ընտրություններում հաղթի Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա ղարաբաղյան խնդիրը կլուծվի Ադրբեջանի օգտին: Սակայն, ինչպես տեսնում եք, դա տեղի չունեցավ եւ դա շատ կավ է: Պետք է ընդգծել, որ Բաքու-Ջեյհան նավթամուղը կարեւոր զսպիչ հանգամանք է, որը կստիպի Բաքվին մի քանի անգամ մտածել, հետո նոր պատերազմ սկսել: Ենթադրենք, Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվեցին: Հայկական կողմը լիակատար իրավունք ունի ինքնապաշտպանության նպատակներից ելնելով հարվածներ հասցնել կոմունիկացիաներին եւ Արեւմուտքում դա հիանալի հասկանում են»,-ասել է ռուս փորձագետը: Պատասխանելով այն հարցին թե կանդրադառնա արդյո՞ք ԵԱՀԿ ՄԽ փոխարինումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա՝ Մ.Ալեքսանդրովը նշել է, որ ձեւաչափի փոփոխությունը ոչինչ չի տա եւ այդ գաղափարը նոր չէ: «Բոլոր այդ «նորույթները» բխում են Վրաստանից, իսկ Ադրբեջանն ուղղակի նմանակում է վրացական իշխանությունների գործողությունները: Ղարաբաղյան հակամարտության կողմերից ոչ մեկը, բացառությամբ պաշտոնական Բաքվի, չի ցանկանում, որ ձեւաչափը փոխվի: ԵԱՀԿ ՄԽ-ն արդեն իսկ ձեւավորված ձեւաչափ է: Ասենք, մեկ այլ խումբ լինի կամ հարցը տեղափոխվի այլ ատյան՝ դրանից ոչինչ չի փոխվի»,-ասել է նա:

No comments: