Tuesday, September 16, 2008

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Մայր Աթոռ Սբ.Էջմիածնում սեպտեմբերի 28-ին կկայանա սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը: 7 տարին մեկ անգամ կատարվող այս արարողությունը Հայ առաքելական եկեղեցու եւ հայ ժողովրդի ամենանվիրական արարողակարգն է, որը խորհրդանշում է Աստծո ներկայությունը «մեր կյանքում եւ մեր հոգիներում»: Այս մասին սեպտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սբ.Էջմիածնում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտնեց Մյուռոնօրհնեքի արարողության կազամակերպման հանձնախմբի պատասխանատու Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Սրբազան հայրը տեղեկացրեց, որ Մյուռնօրհնեքի արարողակարգին ներկա գտնվելու համար Ամենայն Հայոց Գարգեգին Բ կաթողիկոսի հրավերով Հայաստան կժամանեն Սբ.Էջմիածնի բարերարներ, քույր եկեղեցիների հոգեւոր հովիվներ, Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց դասը, Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետն ու այլ բարձրաստիճան այրեր: Մյուռոնօրհնեքի նախօրեին տեղի կունենա «Շողակաթ» հեռուստաընկերության նոր շենքի եւ Սբ. Վարդան եւ Սբ. Հակոբ մատուռ-մկրտարանի բացումը: Հովնան արքեպիսկոպոսի խոսքերով, սրբալույս Մյուռոնի օրհնությունը, ըստ Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի, վերապահված է Կաթողիկոսին: Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նշեց, որ ընդհանրական բոլոր եկեղեցիներում կատարվում է ձեթի օրհնության արարողություն: Մյուռոնօրհնության արարողություն կատարում է միայն Հայ առաքելական եկեղեցին: «Մյուռոնը պարզ ձեթ չէ, ունի բարդ բաղադրություն. հիմնական նյութը ձեթն է (առաքվում է Հունաստանից ձիթապտղի յուղը) եւ բալասանը, նաեւ 50 տեսակի այլ նյութեր»,- ասաց սրբազան հայրը: Ըստ Արաշակ եպիսկոպոսի, Մյուռոնի կարեւորգույն առանձնահտկությունը գալիս է հայոց կաթողիկոսանիստների փոփոխությունից. տարբեր ժամանակներում, քաղաքական վայրիվերումներից հայոց կաթողիկոսների աթոռանիստները անընդհատ տեղափոխվել են, իսկ մյուռոնը հանդիսացել է համախմբման գործոն: Մյուռոնի օրհնությունը անքակտելիորեն աղերսվում է Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի գաղափարի հետ. այն պատրաստվում է բացառապես Սբ.Էջմիածնում եւ բաժանվում այլ թեմերի եկեղեցիներին: Սրբալույս Մյուռոնը օգտագործվել է ձեռնադրությունների, եկեղեցիների օծման, եկեղեցիների սրբանկարների օծման, մկրտության համար: Կաթողիկոսի օծման արարողությունը եւս հայոց մեջ կատարվում է բացառապես սրբալույս մյուռոնով: Իսկ մյուս եկեղեցիներում մյուռոնով օծման հատուկ արարողություն գոյություն չունի: «Սրբալույս մեռոնի օրհնությունը 7 տարին մեկ հաստատված է դեռեւս առաքելական շրջանից, երբ առաքյալները իրենց հետ Հայաստան բերեցին սուրբ յուղը: Այն հասավ մինչեւ Գրիգոր Լուսավորչի օրերը. «հին Մյուռոնը թափվելով նոր պատրաստվողի մեջ ապահովեց շարունակականությունը հավատքի եւ քրիստոնեական ավանդույթների»,- նշեց Արշակ սրբազանը: Մյուռոնօրհնության ներկայիս արարողակարգը գալիս է 11-րդ դարից եւ որեւէ փոփոխության չի ենթարկվել. այն սկսվում է Վերափոխման տոնից 2 օր հետո եւ տեւում է 40 օր: Վերջին երեք օրերին սրբալույս այդ հրաշքը դանդաղորեն եփվում է փայտի կրակի վրա: Այս տարի Մյուռոնօրհնեքի նախապատրաստական աշխատանքները սկսվել են օգոստոսի 19-ից: Մայր Աթոռի դիվանապետի խոսքերով, 20-րդ դարում մեռնօրհնեքի արարողություն է կատարվել 1926 թվականին, ապա` 1955 թվականին Գեւորգ 6-րդ կաթողիկոս Չորեքչյանի ձեռամբ: Հետագայում այդ արարողակարգը վերկանգնվեց Վազգեն Ա կաթողիկոսի գահակալության օրոք միայն:Վերջին անգամ Մյուռոնօրհնության արարողություն կատարվել է 2002 թվականի Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ:

No comments: