Thursday, September 18, 2008

ՍԿՍՎԵԼ Է ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԻՐԱՆ

ԹԵՀՐԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով Թեհրան ժամանած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին նույն օրը ընդունել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Հանդիպմանը Է.Նալբանդյանն ու Մ.Ահմադինեջադը մտքեր են փոխանակել տարածաշրջանում համագործակցության եւ կայունության հաստատման վերաբերյալ, քննարկել տարածաշրջանում վերջին զարգացումները: Այդ համատեքստում Է.Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ճգնաժամի օրերին Իրանի տարածքով Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ապրանքների տեղափոխմանն աջակցելու համար: Երկուստեք գոհունակություն է հայտնվել, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեւավորվել է արդյունավետ տնտեսական համագործակցություն, լայն իրավապայմանագրային դաշտ, կյանքի են կոչվում տնտեսական համագործակցության բազմաթիվ փոխշահավետ ծրագրեր: Պատրաստակամություն է հայտնվել առավել զարգացնել փոխգործակցությունը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, մինչ այդ Է.Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերը` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, հատկապես` էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում: Զրուցակիցները վերահաստատել են փոխշահավետության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը: Երկուստեք նշվել է նաեւ, որ տնտեսական համագործակցության բնագավառում գոյություն ունի մեծ ներուժ: Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ տարածաշրջանում վերջին զարգացումները եւ դրանց ազդեցությունը տարածաշրջանային կայունության եւ անվտանգության վրա: Է.Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության հաստատման ու ամրապնդման օգտին եւ գտնում է, որ յուրաքանչյուր վիճելի հարց պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` բանակցությունների եւ երկխոսության միջոցով: Մ.Մոթաքիի խնդրանքով ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումներն ու հեռանկարները: Է.Նալբանդյանի խոսքերով, համապատասխան քաղաքական կամքի դրսեւորման դեպքում կարելի է հասնել հիմնախնդրի լուծմանը, որի հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումը: Նա իր իրանցի գործընկերոջը ներկայացրել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների վերաբերյալ Հայաստանի տեսակետները: Անդրադառնալով երկկողմ մշակութային հարաբերություններին, Է.Նալբանդյանը բարձր է գնահատել Իրանի իշխանությունների կողմից հայկական պատմա-մշակութային կոթողների նկատմամբ հոգատար վերաբերմունքը` վկայակոչելով Իրանի հայկական երկու նշանավոր կոթողների` Սուրբ Ստեփանոս եւ Սուրբ Թադեւոս Առաքյալի վանքերի, ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում` որպես հուշարձանների նկատմամբ Իրանի հոգատար վերաբերմունքի վկայություն: Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ հանդիպմանը Է.Նալբանդյանը կարեւորել է ՀՀ եւ ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Նա գոհունակություն է հայտնել Իրանի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի կապակցությամբ, որի դրսեւորումներից մեկը ԻԻՀ Մեջլիսում հայ համայնքի երկու պատգամավորների ներկայությունն է: Է.Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաեւ ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ: Հանդիպմանը զրուցակիցները անդրադարձել են վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին եւ մտքեր փոխանակել տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներին: Նրանք քննարկել են նաեւ երկու երկրների անվտանգության խորհուրդների համագործակցության հնարավորությունները:Թեհրանում գտնվելու ընթացքում Է.Նալբանդյանն այցելել է ՀՀ դեսպանատուն:Սեպտեմբերի 16-ի երեկոյան Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին ընթրիք է տվել Էդվարդ Նալբանդյանի պատվին:

No comments: