Thursday, December 1, 2011

«168 ժամ». Լիսկան «սուսուփուս» յուրացրել է Տաթեւի ճոպանուղու շուրջ եղած հողատարածքները

Թերը գրում է , որ իր տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում կառուցված «Տաթեւի թեւեր»՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղու շուրջ եղած հսկայական հողատարածքներ, «սուսուփուս», սակայն, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանի իմացությամբ՝ յուրացրել էր:
«Ս. Խաչատրյանը դա արել էր՝ գիտակցելով, որ ճոպանուղու շնորհիվ այդտեղ զբոսաշրջիկների մեծ հոսք է լինելու, որտեղ, ըստ ծրագրի հեղինակների՝ մինչեւ 2012թ. ճոպանուղու երկու կայարաններում սրճարաններ, ռեստորաններ, խանութներ, Հալիձոր եւ Տաթեւ ավաններում՝ հյուրանոցներ, հետագայում՝ կրթական եւ մշակութային կենտրոններ են կառուցվելու: Իսկ մինչեւ 2016թ. ծրագրվում է ավարտել Գորիսում օդանավակայանի վերակառուցումը:
Հիշեցնենք, որ «Տաթեւի վերածնունդ եւ վերակառուցում» ծրագրի հիմնական հովանավորը ՌԴ-ից հայազգի գործարար, ռուսական «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանն է: Ճոպանուղու կառուցման արժեքը €6.8 մլն է, այն $20 մլն արժողությամբ «Տաթևի վերածնունդ եւ վերակառուցում» եռամյա ծրագրի մասն է:
Այլ կերպ ասած՝ մարզպետը հասկացել է, որ մի քանի տարի հետո Տաթեւը դառնալու է զբոսաշրջության լուրջ եւ եկամտաբեր կենտրոն, և ժամանակ չի կորցրել, շատ արագ իրենով է արել այդ հատվածներում գտնվող հսկայական հողատարածքները:
Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ այդ մասին «Տաթեւի վերածնունդ» ծրագրի հեղինակները, մասնավորապես՝ Ռ. Վարդանյանը, ամիսներ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ են նրան տեղեկացրել այդ մասին, եւ թե ինչպիսի խոչընդոտներ են առաջանում մարզպետի նման քայլերի արդյունքում: Ասում են, որ այս փաստը նախագահ Ս. Սարգսյանին այնքան է զայրացրել, որ շատ շտապ ՀՀ նախագահական նստավայր է հրավիրվել Երվանդ Զախարյանը: ՀՀ նախագահը, ըստ նույն աղբյուրների, կարգադրել է շատ արագ չեղյալ համարել Ս. Խաչատրյանի եւ Ե. Զախարյանի պայմանավորվածությամբ՝ հողերի նկատմամբ կատարված գործարքները:
Ի դեպ, նույն աղբյուրների հավաստմամբ՝ Սյունիքի մարզպետը մարզի հողերի հիմնական մասը բնակիչներից վաղուց արդեն զավթել է: Եվ քանի որ մարզում ճորտատիրական բարքեր են տիրում՝ խեղճ գյուղացիները ոչինչ չեն կարողանում ձեռնարկել դրա դեմ եւ ստիպված՝ համակերպվում են իրավիճակին: Երեկ մենք կապ հաստատեցինք Տաթևի ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանի հետ: Վերջինս, սակայն, հերքեց այս տեղեկատվությունը՝ ասելով, որ ճոպանուղու երկու կողմերում՝ Տաթև համայնքում եւ Հալիձորում, ընդհանուր քանակով ավելի քան 17 հա հող են ձեռք բերել բնակիչներից, եւ, որ մարզպետն այդ հարցում խոչընդոտներ չի ստեղծել:
Ի դեպ, թերթի աղբյուրները նաեւ նշում էին, որ միայն վերջերս՝ 3 շաբաթ առաջ է ճոպանուղու ղեկավարությունը որոշ ընկերությունների հետ՝ ճոպանուղու մոտ սրճարաններ, խանութներ բացելու պայմանագրեր կնքել»,- գրում է «168 ժամ»-ը:

No comments: