Մինչեւ որոշակի պահ հայության ջանքն արդյունք տվել է, ցեղասպանության հարցը հայտնվել է միջազգային քաղաքականության շրջանառության մեջ, անգամ Թուրքիայում են արդեն տեղի ունենում երեւույթներ, որոնք դժվար էր պատկերացնել մի քանի տարի առաջ: Բայց նկատելի է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում կա նոր ճեղքման կարիք, ճանաչման գործընթացին նոր թափ հաղորդելու կարիք: Ավելին, կարիք կա, որ մենք այդ թափը հաղորդենք, ոչ թե Ամերիկան, կամ Ֆրանսիան, կամ այլ պետություն:
Մինչդեռ այժմ կարծես թե ակնհայտ է, որ չնայած համահայկական ջանքերին, ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դինամիկան իրականում պայմանավորված է ոչ թե մեզանով, այլ Ամերիկայով, Եվրոպայով, Թուրքիայով: Հետեւաբար այստեղ կա խնդիր` ճանաչման գործընթացը մեր վերահսկողության տակ վերադարձնելու խնդիր: Այն չափազանց բարդ է իհարկե, բայց միանգամայն լուծելի: Պարզապես դրա համար անհրաժեշտ է լուծել մեկ այլ խնդիր` արդիական, մրցունակ, առողջ պետություն կազմավորելու խնդիրը:
Կյանքը ցույց տվեց, որ քանի դեռ համաշխարհային ասպարեզում խնդիրներ հետապնդելու համար չունես այդ գործիքը, հաջողությունները կարող են խիստ հարաբերական լինել, իսկ ավելի հաճախ` այլոց հաջողությունները կարող ես պատահաբար ընկալել որպես քոնը, եւ միայն երբ դրանից այլք կոնկրետ արդյունք կքաղեն, իսկ դու կմնաս ոչ տաք, ոչ սառը, կհասկանաս, որ հաջողությունը քոնը չէր:
Ուրեմն, ցեղասպանության միջազգային ճանաչման գործում բեկում առաջացնելու համար առանցքային հարցն այն է, թե որպես գործիք մենք ինչ պետություն ունենք այսօր: Մեր ունեցած պետությունը հեռու է արդիական եւ մրցունակ լինելուց, քանի որ դրա համար պետության ներքին կյանքը պետք է արդիականացվի եւ դրվի ազատ, արդար, օրինական, սահմանադրական մրցակցության հիմքի վրա, տեղավորվի եւ առաջնորդվի այդ սկզբունքներով:
Կհասնենք դրան` ուրեմն կհասնենք նաեւ լրջագույն ճեղքման ցեղասպանության ճանաչման հարցում, չենք հասնի` ուրեմն նույնիսկ ճանաչման գործում արձանագրվող հաջողություններն իրականում կլինեն թվացյալ, եւ դրանց առարկայական արդյունքը կճաշակեն նրանք, ովեր ներկայում իրենց պետական մրցունակությամբ տնօրինում են մեր անմրցունակության հետեւանքը` ցեղասպանության հարցը շահարկում են բացառապես իրենց պետական շահերին համահունչ:
Ընդ որում, այստեղ խնդիր կա նաեւ Սփյուռքի մասով: Գնահատելի է հայերի ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի համար սփյուռքի հայկական կազմակեևրպությունների գործադրած ջանքը: Բայց, այդ կազմակերպությունների համար էլ թերեւս պետք է արդեն պարզ լինի, որ առանց հզոր պետական գործիքի, առանց արդիական պետական բազայի, հնարավոր չէ ճեղքել այն աշխարհաքաղաքական բնական խութերը, որ առաջանում են ճանաչման ճանապարհին: Հետեւաբար, Սփյուռքն էլ պետք է իր համար առաջնային խնդիր դիտի Հայաստանի արդիականացումը, Հայաստանի մրցունակության բարձրացումը:
Այսինքն, եթե նույնիսկ Սփյուռքը համարում է, որ իր գլխավոր խնդիրը ցեղասպանության ճանաչման հարցում առաջին դիրքերում լինելն է, ապա այդ դեպքում էլ նրա առաջնային անելիքը հենց Հայաստանի արդիականացմանը նպաստելն է, այդ ուղությամբ ջանքեր անելը, որովհետեւ սփյուռքահայ կազմակերպությունները հազիվ թե ճանաչման համար ավելի արդյունավետ քայլ կարողանան կատարել, քան Հայաստանն իրավական, օրինական, ազատ եւ արդար պետություն դարձնելուն օժանդակելը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment