Saturday, September 6, 2008

ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ՇՓՈՒՄՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Ստեղծվում է ոչ թե մեկ, այլ չորս հանձնաժողով Հուլիսի 18-ի համարում «Հյուրիեթը» առանց մանրամասնելու հայտնել էր, թե հայ-թուրքական գաղտնի շփումներ են անցկացվել Շվեյցարիայի Բեռն քաղաքում: Թուրքական թերթի տեղեկությունը նախ լայն արձագանք գտավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում, ապա եւ հաստատվեց: Սակայն գաղտնի շփումների պարագայում կարեւորը ոչ այնքան դրանց արձագանքը, կամ հաստատումն է, որքան մանրամասներն են: Հուլիսի 19-ին հենց այդ շփումների մանրամասներին է անդրադարձել Նյու Յորքի «turkishny.com» կայքէջը: Ահա թե ինչ է գրել. «Նախագահ Սերժ Սար-գըսյանի մեղմ ազդանշանները ուղղակի հանդիպումների առումով խթան էին շուրջ 10 տարի Հայաստանի հետ ոչ պաշտոնական շփումներ անցկացնող Թուրքիայի համար: Պարզվեց, որ արտգործնախարարության խորհրդական (համազոր է վարչության պետի պաշտոնին) Էրթուղրուլ Ափաքանն ու խորհրդականի Միջին Ասիայի եւ Կովկասի գծով տեղակալ Ունալ Չեւիքոզը իրենց հայ գործընկերների հետ մայիսին եւ հուլիսին շփումների երկու փուլ են անցկացրել: Թեեւ արտգործնախարար Ալի Բաբաջանը հաստատեց Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ժամանակ առ ժամանակ անցկացվող շփումների փաստը, սակայն խուսափեց մանրամասնություններ հաղորդելուց: Ստացած տեղեկությունների համաձայն, Անկարան մտահոգված է, որ եթե այս գաղտնի շփումները հասարակական հնչեղություն ստանան, ապա դա կխթանի Ադրբեջանի հավանական հակազդեցությունը: «Թրքիշ դեյլի նյուսի» ստացած տեղեկությունների համաձայն, Ափաքանի եւ Չեւիքոզի մասնակցությամբ Շվեյցարիայի Բեռն քաղաքում անցկացված գաղտնի շփումների ժամանակ կողմերն առկա խնդիրների լուծման ռազմավարության եւ մեխանիզմների հարցերում մեծապես եկել են համաձայնության: Պարզվել է, որ հանդիպման օրակարգում մեկ հանձնաժողով ստեղծելու հարցի փոխարեն, դրվել են սահմանների, ցեղասպանության պնդումների, փոխհատուցման հարցի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների հանձնաժողովներ ստեղծելու խնդիրները: Ինչ վերաբերում է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ապա որոշվել է այդ հարցը առանձին քննարկել եւ քննարկման համար ստեղծել մի շարք հանձնաժողովներ: Հայաստանի նախորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մերժել էր ցեղասպանության պնդումների ուսումնասիրման համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը: Քոչարյանը համառորեն պնդել էր, որ պետք է միջպետական հանձնաժողով ստեղծվի, այլ ոչ թե պատմաբանների: Այս անգամ, ինչպես նշում են դիվանագիտական աղբյուրները, ջանք է գործադրվում ստեղծելու խորհրդակցական այնպիսի մեխանիզմ, որն ընդունելի լինի երկու երկրների համար: Ափաքանի եւ Չեւիքոզի մասնակցությամբ իրականացված հանդիպմանը առաջնահերթ նշանակությամբ քննարկվել է Թուրքիա-Հայաստան սահմանի բացման հարցը: Երկար ժամանակ ի վեր Եվրոմիությունն ու ԱՄՆ-ն Անկարային համոզում են, որ ցեղասպանության Հայաստանի թեզը միջազգային պլատֆորմներում թուլացնելու լավագույն ձեւը հայ-թուրքական սահմանի բացումն է»: Վերջում «turkishny.com» կայքէջը հիշեցնում է սեպտեմբերի 6-ին նախատեսվող Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար նախագահ Սերժ Սարգսյանի Աբդուլլա Գյուլին արած հրավերը եւ նշում է նախքան հանդիպումը՝ օգոստոսին հայ-թուրքական շփումների 3-րդ փուլի անցկացման հավանականության մասին: «ԱԶԳ», 23.07.08:

No comments: