Saturday, September 6, 2008

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾՈՒՌ ՄԵԽԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հայաստանում պետք է ոչ միայն պաշտպանված լինեն նրանք, ովքեր կապիտալի ներդրում են կատարում, այլ մարդիկ, ովքեր իրենց ամենաթանկ կապիտալն են Հայաստանում ներդրել` կյանքը, եւ ապրում են այս երկրում: Այսինքն, Հայաստանում պետք է պաշտպանված լինի քաղաքացին, նրա իրավունքը, ազատությունը: Իշխանական քարոզչությունն արդեն մի քանի օր է, որ հանրությանը ներկայացնում է, թե ինչպես ասենք այս կամ այն գործարարը, հիմնականում արտասահմանի հայ, արձագանքում է Սերժ Սարգսյանի կոչին, որ նա հնչեցրեց Բազե համահայկական հավաքի ընթացքում, եւ հայտարարում է Հայաստանում մի քանի միլիոն դոլարի ներդրում կատարելու պատրաստակամության մասին: Օրինակ, նշվում է, թե ասենք սփյուռքահայ գործարար Պողոս Պետրոսյանը, կամ Պետրոս Պողոսյանը, իր ոգեւորությունն է հայտնում նախագահի կոչից եւ նշում, որ որոշել է Հայաստանում կատարել ասենք հիսուն միլիոն դոլար ներդրում: Դա ենթադրում է, որ եթե չլիներ Սերժ Սարգսյանի կոչը, ապա չէր լինի նաեւ այդ հիսուն միլիոն դոլար ներդրումը: Համենայն դեպս դա է քարոզչական հնարքի մեխը: Սակայն այդ մեխը, փաստացի, ծուռ է, եւ այն էլ չափազանց ծուռ: Իսկ խնդիրն էլ այն է, որ իշխանությունը չնկատելով այդ մեխի ծռությունը, ինչպես որ գրեթե բոլոր հարցերում, շարունակում է մուրճով հարվածել դրան: Անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում իշխանության այդ քայլը: Եթե նպատակը ցույց տալն է, որ մի կոչով արված ներդրումների շնորհիվ շատ շուտով Հայաստանը կդառնա մոտավորապես Նյու Մոսկվա, ապա դա ուղղակի հանրությանը խաբելու հերթական փորձն է: Նախ, հայտարարությունից, այսինքն միլիոններ ներդնելու պատրաստակամությունից հետո, այդ գործարարները դեռ պետք է իրականում ներդնեն միլիոնները: Իսկ դրա մասին արդեն կարծես թե խոսք չկա: Մինչդեռ հայտնի չէ, թե երբ, քանի տարվա ընթացքում, ինչ ոլորտում, ինչպես են կատարվելու այդ ներդրումները: Դրանք մանր գործարարական խորամանկություններ են, ինչին մենք հատկապես քաջածանոթ ենք օրինակ Արմենտելի պատմությունից, երբ տարիներ առաջ հույն սեփականատերերը մի քանի բավական թանկ սարքավորում էին ներկրում Հայաստան եւ ասում, թե կատարել են մի քանի միլիոն դոլար ներդրում: Մինչդեռ դրա իրական գինը, Հայաստանի տնտեսության եւ մասնավորապես կապի ոլորտի համար, շատ ավելի ցածր էր: Եթե իշխանության քարոզչական հնարքի նպատակը ցույց տալն է, թե ինչպես են արտասահմանցի հայ գործարարները վստահում Սերժ Սարգսյանին, ապա դա նույնպես հանրությանը խաբելու հերթական ձեւն է: Թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ արտասահմանում թերեւս կան ոչ պակաս թվով գործարարներ, որոնք չեն արձագանքել Սերժ Սարգսյանի կոչին: Հետեւաբար երեւի թե հեռուստադիտողի հանդեպ ավելի ազնիվ կլինի, եթե նշվեն նաեւ այդ գործարարները, ավելի իրատեսական պատկեր ստանալու համար: Դրանից բացի, այդ գործարարների եւ Սերժ Սարգսյանի միջեւ վստահությունը բոլորովին այլ կարգի վստահություն է, քան վստահության այն դեֆիցիտը, որ Սերժ Սարգսյանն ունի սեփական հասարակության շրջանում: Գործարարները միգուցե վստահեն նրան, այն պատճառով, որ նրանց տրվեն արդարացի բիզնես երաշխիքներ: Սակայն դա ամենեւին կապ չունի քաղաքացիական վստահության հետ, որի պակասը ունեցել է եւ ունի Հայաստանի իշխանությունը: Հայաստանում պետք է ոչ միայն պաշտպանված լինեն նրանք, ովքեր կապիտալի ներդրում են կատարում, այլ մարդիկ, ովքեր իրենց ամենաթանկ կապիտալն են Հայաստանում ներդրել` կյանքը, եւ ապրում են այս երկրում: Այսինքն, Հայաստանում պետք է պաշտպանված լինի քաղաքացին, նրա իրավունքը, ազատությունը: Այլապես, մարդը, որ լսում է ինչ որ միլիոններ ներդնելու պատրաստ գործարարի մասին, նրան էլ արդեն սկսում է ընկալել որպես իշխանության գործիք, ոչ թե մի հայրենասեր, որը ցանկանում է շենացնել իր երկիրը: Հետեւաբար իշխանական քարոզչամեքենան երեւի թե բավական օգտակար քայլ կատարած կլինի հասարակության եւ պետության համար ընդհանրապես, եթե բացի ֆինանսական, ներդրումային եւ այլ կարգի նյութատեխնիկական անձրեւներից, մի քիչ էլ խոսի երկրում առկա իրավունքի եւ ազատության անապատից, կամ անապատացող իրավունքից եւ ազատությունից: Չէ որ այդքան էլ ողջախոհ եւ ազնիվ չէ, երբ դրսից եկած, թեկուզ հայերի փողը համարվում է երկնային մանանա բարգավաճման ճանապարհին, իսկ ներքին ազատության եւ իրավունքի պահանջը համարվում է դրսից ներմուծված ական մեր պետականության համար: «ԼՐԱԳԻՐ», 29.07.08:

No comments: