Saturday, September 6, 2008

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

Պաշտոնական այցով օգոստոսի 18-ին Իրանում գտնվող Հայաստանի էներգետիկայի նախարար եւ Իրան-Հայաստան համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Արմեն Մովսիսյանը հանդիպում է ունեցել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար եւ Իսլամական հեղափոխության առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլիի հետ: Հանդիպման ընթացքում Ս. Ջալիլին, խոսելով տարածաշրջանային վերջին զարգացումների մասին եւ ակնարկելով, որ տարածաշրջանի երկրների, հատկապես Հայաստանի հետ Իրանի հարաբերութիւնները ռազմավարական են, շեշտել է. «Իրանը ոչ մի ջանք չի խնայելու տարածաշրջանի ժողովրդի դժվարությունները նվազեցնելու համար»: Ըստ «ԻՌՆԱ» գործակալության, Հայաստանի էներգետիկայի նախարարը եւս խոսելով տարածաշրջանի անվտանգության հարցում Իրանի դերի մասին, բարձր է գնահատել Թեհրանի հովանավորությունը Կովկասյան տարածաշրջանի երկրների նկատմամբ, հատկապես ծանր պայմաններում: Արմեն Մովսիսյանը նույն օրը հանդիպել է նաեւ ԻԻՀ արտգործնախարարության ԱՊՀ-ի եւ Միջին Արեւելքի հարցերով ենթաբաժանմունքի տնօրեն Ալիռեզա Շեյխաթարի հետ: Հանդիպմանը, որին ներկա է գտնվել նաեւ Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը, խոսվել է երկկողմ հարաբերությունների եւ Կովկասյան տարածաշրջանի իրադարձությունների մասին:

No comments: