Tuesday, September 16, 2008

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ» ՄԵՋ

ԱՆԿԱՐԱ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքիայի «Մեծ միասնություն» կուսակցությունը հայց է ներկայացրել ընդդեմ «Թարաֆ» թերթի հոդվածագիր Ահմեդ Ալթանի` «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով: Կուսակցությունը պահանջում է հոդվածագրին պատասխանատվության ենթարկել ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին հաղորդում է «Ջիհան» գործակալությունը: «Թարաֆ» թերթում լույս տեսած «Ա~խ, Ախպարիկ» խորագրով հոդվածում հեղինակը` Ահմեդ Ալթանը, նկարագրում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ոճրագործության որոշ դրվագներ` հայ ժողովրդի ապրած տառապանքը, Հայոց ցեղասպանության իրականացման ժամանակ հատուկ ջոկատների («Թեշքիլյաթը մահսուսա») գործած դաժանությունները եւ այլն:
«...Իթթիհատականները անգթորեն ցեղասպանություն իրականացրեցին: Շատ անգթորեն: Մի պահ սպասեք եւ մտածեք: Գիշերով նստած եք ձեր տանը, դուռը թակում են եւ ձեզ ստիպողաբար վերցնում ու տանում... Կեսգիշերին ձեզ խառնիխուռն եւ հոգնած ամբոխի հետ տանում են քարքարոտ ճամփեքով: Հենց ձեր կողքին տարեց մի կին հանկարծ ուժասպառ ընկնում է: Զենքի կոթով հարվածում են գլխին: Շարունակում է գալարվել: Իր լացող թոռնիկին զարնում են ժայռերին: Կարծում եք, թե հեքիա՞թ է այս ամենը: Դուք գիտե՞ք, թե ինչ է «Թեշքիլաթը մահսուսան»` իթթիհատականների այդ սարսափելի կազմակերպությունը: Պատահե՞լ է, որ ձեր կնոջը բռնաբարեն ձեր աչքի առջեւ: Պատահե՞լ է, որ ձեր ամուսնուն սպանեն ձեր աչքի առջեւ... Արդյոք գիտե՞ք, թե իթթիհատականները քանի հայ են սպանել: Եվ սպանել են զուտ այն բանի համար, որ նրանք հայ էին... Երանի թե մեր աչքերն էլ արցունքներով լցվեին այդ անցած-գնած օրերի հիշատակի համար, երանի թե մենք էլ կարողանայինք «ներեցեք» մրմնջալ...»,- գրում է Ահմեդ Ալթանը:

No comments: