
Panorama.am.9-7-2010- Վերջերս ադրբեջանական Դեյ.ազ լրատվական կայքին տրված հարցազրույցում ադրբեջանական Միլի Մեջլիսի պատամավոր Այդին Միրզազադեն կարծիք է հայտնել, որ Հայաստանը չի իրացնում այսպես կոչված օկուպացված տարածքները և Ղարաբաղում ստեղծվել է «մարիոնետային ռեժիմ»՚:
Այս հարցի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ
«Նախ նշեմ, որ ծանոթանալով Միրզազադեի հարցազրույցին, ևս մեկ անգամ համոզվեցի, որ Ադրբեջանը շարունակում է խորացնել ապատեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շրջանակներում: Ի գիտություն Միրզազադեի, պետք է նշեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր տարածքի վրա անկախությունը հռչակել է այն նույն սկզբունքներով և իրավական հիմքերով, ինչ որ կիրառվել է նախկին խորհրդային բոլոր հանրապետությունների կողմից և ավելի վաղ, քան ՀՀ-ն և Ադրբեջանը: Երկրորդ` ոչ Լեռնային Ղարաբաղը, ոչ էլ առավել ևս Հայաստանը չեն օկուպացրել տարածքներ և երբևէ ագրեսիա չեն իրականացրել Ադրբեջանի նկատմամբ»,- ասաց խորհրդարանականը:
Նա նշեց, թե եթե ադրբեջանցի պատգամավորի հիշողությունը հանգել է, ապա կհիշեցնի, որ ադրբեջանական բանակի կազմավորումները, ոստիկանական հատուկ ջոկատայինները 1990թ.-ից սկսած լայնամասշտաբ ռազմական ագրեսիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքով և ՀՀ սահմանամերձ շրջաններում:
«Նույնիսկ տխրահռչակ նախագահ Էլչիբեյը հրապարակավ հպարտանում էր, որ շուտով Սևանա լճի ափին ՙթեյ պետք է խմի»: Իսկ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հարյուրավոր անմեղ մարդկանց գազանաբար սպանությունները երևի ևս «ագրեսիաների՚»դեմ պայքարի ադրբեջանական օպերայից էր:
Ինքնապաշտպանության 4 տարիները, 5000-ից ավելի զոհերը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման և սեփական պատմական հայրենիքում ապրելու ցանկության լավագույն ապացույցն են: Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների ազատագրումը ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կողմից միակ միջոցն էր, որպեսզի ռազմատենչ և մարդասպանության սովոր ադրբեջանական իշխանությունները վերջապես հասկանան, որ իրենց պարտադրվում է խաղաղություն և իրենց սանձազերծած պատերազմը հարցի լուծում չի կարող լինել: Երևի այն ժամանակ Բաքվում մտածում էին, որ կաշառելով ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության ղեկավարներին, հեշտությամբ կարող են ոչնչացնել Ղարաբաղը: Նրանք այսօր պետք է նաև հասկանան, որ չեն կարող կաշառել ժողովրդավարական արժեքներ դավանող միջազգային հանրությանը` հանուն նրա, որ շարունակեն հայաթափել Ղարաբաղը, չեն կարող անտեսել ժողովուրդների ինքնորոշման համամարդկային և իրավական նորմերը.,- ասաց Ա. Զաքարյանը:
Այնուհետև քաղաքական գործիչը հավելեց. « Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի «մարիոնետային ռեժիմին՚» ապա պետք է նշեմ, որ ի տարբերություն սուլթանատի և նավթային դոլարներին տիրանալուն համար Բաքվում մղվող կլանային պայքարի, վերջին 15 տարիներին Լեռնային Ղարաբաղում հաջողվել է ունենալ բաց, հրապարակային, արդարացի և ժողովրդավարական կառավարման փայլուն պետություն: Դրանում համոզվում են նաև բոլոր այն օտարերկրյա քաղաքական գործիչները և լրագրողները, ովքեր պարբերաբար, տարբեր առիթներով, ի հեճուկս ադրբեջանական սպառնալիքների այցելում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»:
No comments:
Post a Comment