Wednesday, December 10, 2008

Հունաստանում ոստիկանության հետ բախման ժամանակ սպանված 15-ամյա դեռահասը հայ է

Հունաստանի տարբեր քաղաքներում շարունակվում են բողոքի ակցիաները, անկարգությունները, ոստիկանության հետ ուսանողության բախումները, որոնք սկիզբ էին առել երեք օր առաջ ոստիկանների եւ անարխիստների միջեւ տեղի ունեցած բախման ժամանակ 15-ամյա դեռահասի սպանության պատճառով: Թուրքական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, սպանված դեռահասը մեծահարուստ ընտանիքի զավակ Ալեքսիս Գրիգորոպոլուսն է: Ըստ «Ռադիկալի», նրա մայրը Աթենքի հայտնի ոսկերիչներից ազգությամբ հայ Ջինա Չալիկյանն է: Սակայն թուրքական որոշ աղբյուրներ նշում են Աքսարլյան ազգանունը: Սպանվածի հայրը բանկային ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա է, որի անունը չի նշվում: Տեղեկությունների համաձայն, Ալեքսիս Գրիգորոպոլուսին սպանած ոստիկանը` երեք զավակների հայր «Ռեմբո» մականունով հայտնի 37-ամյա Էպամինոնտաս Կորկոնեասը, կկանգնի դատարանի առջեւ: Ցուցարարները, որոնք հիմնականում հույն ուսանողներ են, Հունաստանի տարբեր քաղաքներում, մասնավորապես Աթենքում, Սալոնիկլում, Պատրիում, ջարդուփշուր են արել եւ այրել տասնյակ բանկեր, խանութներ, ավտոմեքենաներ: 150 հոգանոց մի խումբ հարձակվել է ոստիկանական տեղամասերից մեկի վրա եւ ամբողջությամբ ավերել այն: Հասցված վնասը կարող է հասնել միլիոնավոր եվրոների: Լուրեր են պտտվում այն մասին, թե Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսը Աթենքում կհայտարարի արտակարգ դրություն: Ի նշան բողոքի, գործադուլ են հայտարարել Հունաստանի կրթական համակարգի բազմաթիվ աշխատակիցներ: Անկարգությունների ալիքը դուրս է եկել Հունաստանի սահմաններից: 20 հույներ Բեռլինում ներխուժել են Հունաստանի հյուպատոսություն, շենքի վրայից հանելով Հունաստանի դրոշը` փոխարենը բարձրացրել են «Մարդասպան պետություն» ցուցապաստառը: Բողոքի ակցիաներ են տեղի ունեցաել նաեւ Մեծ Բրիտանիայում Հունաստանի դեսպանության եւ հյուպատոսության շենքերի առջեւ: Աթենքից ստացվող տեղեկությունների համաձայն, ոստիկանությունը ձերբակալել է մոտ 170 մարդու, որոնց մեծ մասին արդեն իսկ ներկայացվել են մեղադրանքներ:

No comments: