Wednesday, December 10, 2008

ԵՐԵԿ ԼՐԱՑԱՎ ՄԱԿ-Ի ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 60-ԱՄՅԱԿԸ

«Ազգ», 10-12-2008- ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատիժ սահմանելու կոնվենցիան ընդունվել է 1948-ի դեկտեմբերի 9-ին եւ ուժի մեջ է մտել 1951-ի հունվարի 12-ին: Կոնվենցիայի հիմքում հրեական ծագումով լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինի բազմամյա հետեւողական աշխատանքներն են ու անձնական նախաձեռնությունները, որոնց համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել 1915-ի Մեծ եղեռնը: Առ այսօր Ցեղասպանության կոնվենցիային միացել է 135 երկիր: Թուրքիան դա կատարել է առաջինների թվում, իսկ ԱՄՆ-ը՝ 1968-ին միայն: Կոնվենցիան առաջինների թվում հաստատելու հանգամանքը, սակայն, չի խանգարում Թուրքիային Հայոց ցեղասպանության փաստին հակադրել ժխտողականության պաշտոնական թեզը: Նա փաստը մերժելիս հայտարարում է, որ կոնվենցիան ընդունվել է հրեաների Հոլոքոսթի առնչությամբ, ուստի «ցեղասպանություն» հասկացությունը վերաբերում է Հոլոքոսթին միայն: Քանի որ նույն Թուրքիան թուրքական զորքերի ներխուժումը Կիպրոս պայմանավորում է կիպրացի թուրքերին վերահաս ցեղասպանությունից պաշտպանելու անհրաժեշտությամբ, ուստի ակնհայտ է դառնում, որ նա Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար մերժում է նաեւ ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի միմիայն Հոլոքոսթին վերաբերելու մասին իր իսկ հայտարարությունը, չհաշված Թրակիայում եւ Բուլղարիայում թուրքերի ցեղասպանություններ հայթայթելու թուրքական նկրտումները: Վերոհիշյալ փաստերը ցույց են տալիս, որ Թուրքիան «ցեղասպանություն» հասկացությունը հրեաների Հոլոքոսթի նկատմամբ տարածում է միայն Հայոց ցեղասպանությունը ժխտելու դեպքում: Այլապես, նա շրջանառության մեջ չէր դնի կիպրացի թուրքերի ցեղասպանության վարկածը, Թրակիայի եւ Բուլղարիայի թուրքերի ցեղասպանություններ չէր հայթայթի, ոչ էլ Թուրքիայի ազգային մեծ ժողովում կքննարկվեին ալժիրցիների ցեղասպանության համար Ֆրանսիային, իսկ պաղեստինցիների՝ Իսրայելին պաշտոնապես դատապարտելու առաջարկները: ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի 60-ամյակը չվրիպեց առաջադեմ թուրք մտավորականների ուշադրությունից: Թուրքական մամուլի էջերում հայտնվեցին բազմաթիվ հրապարակումներ, որոնցից թերեւս պետք է առանձնացնել պատմաբան, հրապարակախոս Այշե Հյուրի «Թարաֆ» թերթում եւ հայտնի իրավապաշտպան, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուի Կ. Պոլսո «Հայթերթ» կայքէջում կոնվենցիայի 60-ամյակին նվիրված հոդվածները, որոնցում հեղինակները կոնվենցիային մոտենում են միջազգային իրավունքի տեսանկյունից, իսկ կոնվենցիայի տեսանկյունից՝ վերլուծում 1915-ի իրադարձությունները: Նրանք ընդգծում են, որ ցեղասպանության կոնվենցիայի հոգեւոր հայր Լեմկինի համար ներշնչանքի աղբյուր են եղել այդ իրադարձությունները, Հայոց ցեղասպանությունը միանգամայն բխում է կոնվենցիայի՝ մարդկության դեմ կատարված հանցագործության սահմանումից եւ ներառում է երրորդ հոդվածի պատժելի բոլոր 5 արարքները: Հոդվածագիրները դատապարտում են Հայոց ցեղասպանության ժխտողականության Թուրքիայի պաշտոնական թեզը եւ երեւան են հանում դրա սնանկությունը: Թվում էր, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ներկա փուլում, երբ աննախադեպ ակտիվանում է թուրքական ժխտողականությունը, ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի 60-ամյակը պատշաճ ուշադրության կարժանանար Հայաստանում: Նույնիսկ այդ մասին մամուլում չհիշատակվեց, էլ չենք խոսում գիտական, հասարակական եւ քաղաքական կառավարական շրջանակների մասին: Սակայն ի՞նչ կարելի է ակնկալել մի երկրում, որտեղ ամեն տեսակ գրքեր պետպատվերով հրապարակվում են, սակայն ցեղասպանության մասին Միավորված ազգերի կազմակերպության բանաձեւերը, կոնվենցիան եւ հարակից փաստաթղթերը համառորեն մոռացության են տրվում՝ չհաշված, իհարկե, այդ փաստաթղթերի հրապարակված թարգմանությունն «Ազգի» 2007-ի ապրիլի 14-ի հավելվածում: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: