Wednesday, December 10, 2008

Աշոտ Գրիգորյան. Ռուս-թուրքական համաձայնությունը խիստ վնասաբեր է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի համար

ԲՐԱՏԻՍԼԱՎԱ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուս-թուրքական համաձայնությունը խիստ վնասաբեր է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի համար: Լեհաստանի Սոպոտ քաղաքում դեկտեմբերի 5-6-ը կայացած «Եվրամիություն-Թուրքիա» ֆորումի արդյունքները ամփոփելիս նման կարծիքի է հանգել համաժողովին մասնակցած Եվրոպայի հայկական միությունների ֆորումի եւ Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը, որը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի հետ զրույցում ներկայացրեց հետեւյալ մանրամասները: «Ֆորումի տնտեսական թեմաներով նիստերի ընթացքում քննարկվում էին Ռուսաստանին բոլոր էներգետիկ ծրագրերից դուրս թողնելու հարցերը, ընդ որում տպավորությունն այնպիսին էր, որ ֆորումի հիմնական իմաստը հենց սա է: Թուրք մասնակիցները ներկայացնում էին Թուրքիայի ունեցած լայն հնարավորությունները, որոնք թույլ են տալիս անցկացնել Ասիայից Եվրոպա անցնող բոլոր էներգակիրների խողովակաշարերը` շրջանցելով Ռուսաստանը: Սակայն Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի հայտնի պրոֆեսոր Իգոր Տոմբերգի խիստ արժանահավատ փաստերի ներկայացումից հետո էներգետիկայի դիվերսիֆիկացման թուրքական ծրագիրը դարձավ արդեն շատ խոցելի: Պրոֆեսոր Տոմբերգը նախ հայտարարեց, որ ադրբեջանական գազի ու նավթի պաշարների ծավալների մասին տեղեկատվությունը չափազանց ուռճացվաց է. դրանք առավելագույնս կազմում են Եվրոպային անհրաժեշտ ծավալների մեկ երրորդը միայն: Ինչ վերաբերում է թուրքմենական կամ ղազախական գազին, ապա Ռուսաստանը չի պատրաստվում թույլ տալ անդրկասպյան խողովակաշարի անցկացումը ռազմավարական եւ էկոլոգիական խնդիրների պատճառով: Այնուհետեւ պրոֆեսորը ներկայացրեց շատ կարեւոր` եթե ոչ ցնցող, տեղեկատվություն, ըստ որի, վրաց-օսական պատերազմի չորրորդ օրը Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ Ռուսաստանի Նախագահ Մեդվեդեւի հանդիպման ժամանակ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետեւյալ հարցերի շուրջ. Թուրքիան պաշտպանում է Ռուսաստանի դիրքորոշումը Վրաստանի նկատմամբ եւ դրա դիմաց Ռուսաստանը թույլ է տալիս, որ Թուրքիան ունենա նոր դերակատարում Հարավային Կովկասում, Ռուսաստանը եւ Թուրքիան համագործակցում են էներգետիկայի ոլորտում երկկողմ շահերի պահպանման պայմանով: Ասվածից կարելի է անել հետեւյալ ենթադրությունները. Թուրքիան ավադաբար հանդիսանալով անվստահելի գործընկեր, Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման առաջարկով մի կողմ է թողել Հարվային Կովկասի իր վերջին տարիների գործընկերներին` Ադրբեջնին ու Վրաստանին` հետամուտ լինելով զուտ իր շահերին: Ռուսաստանը Թուրքիային Հարավային Կովկաս մտնելու համար տված իր համաձայնությամբ անտեսել է իր ռազմավարական գործընկերոջ` Հայաստանի շահերը: Թուրքական պատվիրակության առաջարկները վերլուծելուց պարզ դարձավ նաեւ, որ Թուրքիան վարում է Ռուսաստանին ծնկի բերելու անհեռանկար խաղը, որը, սակայն, փորձում է անել ԵՄ հավատին արժանանալու հույսով: Այժմ լիովին հասկանալի է դառնում նաեւ Ռուսաստանի թելադրանքով ձեւափոխված հայ-թուրքական հարաբերությունների նոր ընթացքը: Լիովին ընկալելի է դառնում Ցեղասպանության խնդրի շուրջ Թուրքիայի բացառիկ կոշտացած դիրքորոշման եւ Ղարաբաղյան հարցին խառնվելու Թուրքիայի վճռորոշ հայտարարությունների պատճառը: Դրան հայկական պատվիրակությունը ականատես եղավ հենց սոպոտյան ֆորումի ժամանակ, երբ թուրք հայտնի դիվանագետ եւ Ազգային մեծ ժողովի պատգամավոր Մուստաֆա Շուքրու Էլեքդաղն իր ելույթում հայտարարեց, որ զարմանում է, թե այսպիսի անշնորհակալ երկրին, ինչպիսին Հայաստանն է, ինչպես կարելի է թույլ տալ այնքան հեռու գնալ, որ չգնահատի ղարաբաղյան հարցում Թուրքիայի անկողմնակալ դերը: Այնուհետեւ նա հայտարարեց, որ «ոչ թե ցեղասպանության, այլ նույնիսկ տեղահանության շուրջ կեղծ լուրերին Թուրքիայի կողմից չտրված հակահարվածի արդյունքն է, որ Հայաստանը նաեւ տարածքային պահանջներ ունի Թուրքիայի նկատմամբ, ընդհուպ այն աստիճանի, որ հայերը Արարատը համարում են իրենց լեռը»: Թուրք պատգամավորը իր այս հայտարարությունները կատարեց համարյա բղավելով ու հուզմունքից ու կատաղությունից շնչակտուր լինելով: Ճիշտ է, իր այդ ելույթով նա հատկապես շեշտեց ու հրավիրեց հեղինակավոր լսարանի ուշադրությունը հայկական պատվիրակության, որը ներկայացնում էին նաեւ ՀՀ Ազգային ժողովի «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը եւ քաղաքագետ Հովհաննես Նիկողոսյանը, բարձրացրած հարցերի վրա, դրանով մեծ ծառայություն մատուցելով մեզ: Միաժամանակ պարզ դարձավ, որ առնվազն միամտություն է ըստ եվրոպական պատկերացումների հարեւանության հարցում սպասել թուրքերի կողմից նորմալ, քաղաքակիրթ պահվածքի: Թուրքական դիվանագիտական պարզունակ խաղերը հիմնված են գործընկերներին ու հարեւաններին խաբելու իրենց ավանդական փորձի վրա, որը, սակայն, այսօրվա դիվանագիտական ընկալումների պայմաններում նրանց դրական արդյունք չի կարող ապահովել: Կարծում եմ, որ շատ կարեւոր հետեւություններ պետք է անեն Հայաստանի արտաքին քաղաքականության նոր ուղին գծած մեր քաղաղաքական գործիչները վերը ասվածի լույսի ներքո»:

No comments: