Tuesday, December 9, 2008

Թուրքիայի նախագահը Իսրայելում կոգեկոչի Հրեական ցեղասպանության զոհերի հիշատակը

ԱՆԿԱՐԱ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ամենայն հավանականությամբ, 2009 թվականի հունվարին պաշտոնական այցով կմեկնի Իսրայել: Այս մասին հաղորդում է թուրքական մամուլը` վկայակոչելով Իսրայելում լույս տեսնող The Jerusalem Post թերթը: Նշելով, որ առայժմ Գյուլի այցելության մասին պաշտոնական հայտարարություն չի եղել, պարբերականը գրում է, որ «Իսրայելը Թուրքիայի նախագահին սպասում է 2009 թվականի հունվարին»: Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները տարածել էին տեղեկատվություն այն մասին, որ Աբդուլլահ Գյուլը 2009 թվականի իր առաջին պաշտոնական այցը կիրականացնի Իսրայել: Ըստ թուրքական աղբյուրների, այցը տեղի է ունենալու Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հրավերով հունվարի 6-7-ը: Թուրքական մամուլն իր հերթին նշում է, որ Գյուլի այցը մեծ կարեւորություն ունի ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամայի ղեկավարման շրջանում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը կանխելու տեսանկյունից: Իսրայելական վարչակազմի միջոցով Թուրքիայի նախագահը պահանջելու է Միացյալ Նահանգներում գործող հրեական լոբբիի աջակցությունը` Հյաոց ցեղասպանության փաստի ճանաչումը կանխելու համար: Իսրայել կատարելիք այցելության շրջանակում Աբդուլլահ Գյուլը այցելելու է նաեւ Յադ Վաշեմ` Հոլոքոստի զոհերի հուշահամալիր: Ըստ թուրքական լրատվամիջոցների, այդ քայլով պաշտոնական Անկարան ուղերձ կհղի Հայոց ցեղասպանության փաստի ընդունմանը աջակցող ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային եւ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին:

No comments: