Tuesday, December 9, 2008

«ՕՍՄԱՆՅԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ՂԱՐԱԲԱՂԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՈՂ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՆ ՀԱՅԵՐԸ»

Հայտարարել է «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Բահչելին «Ազգ». 9-12-2008- «Ազգը» նախորդ համարում «Նախաձեռնողներից ոչ ոք «ցեղասպանություն» բառը չի օգտագործում» վերնագրով անդրադարձել էր «հայերից ներողություն խնդրելու» նպատակով ինտերնետային ստորագրահավաք կազմակերպելու չորս թուրք մտավորականների նախաձեռնությանը: Միաժամանակ նշվել էր, որ այս նախաձեռնությունն ընդամենն ընդունելի է դարձնում թուրքական ժխտողականությունը, թերեւս դրանով մեծացնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կասեցնելու թուրքական պետական առաջադրանքի արդյունավետությունը: Այլ կերպ, «հայերից ներողություն խնդրելու» պարագայում նախաձեռնողների խնդիրն ամենեւին ցեղասպանության ճանաչումը չէ, այլ 1915-ի իրադարձությունների հանգեցումը ցեղասպանությունից էապես տարբերվող «Մեծ աղետի», որը, հենց ստորագրահավաքի կազմակերպիչ Ջենգիզ Աքթարի արտահայտությամբ, իրենք՝ հայերն են օգտագործում: Աքթարին լրացնում է Բասքըն Օրանը. «Համոզված եմ, որ այս (1915-ի իրադարձությունների բնութագրումը որպես ցեղասպանություն ե՛ւ գիտականորեն, ե՛ւ քաղաքականապես սխալ է»: Չնայած պատմական ճշմարտությունը ստորագրահավաքով աղավաղելու հաշվենկատ փորձերին, հակազդեցությունից չեն խուսափել վերոհիշյալ չորս մտավորականները, որոնք նախքան նախաձեռնությունը «հայամետի» համարում ունեին ինչպես աջ, այնպես էլ ձախ քեմալականների շրջանում: Վերջիններին գլխավորում է պաշտոնապես սոցիալ-դեմոկրատական կոչվող, «Սոցինտերնի» անդամ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը: Իսկ աջ քեմալականներին գլխավորելու հավակնություն է դրսեւորում «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությունը՝ Ազգայնական շարժում կուսակցությունը: Թուրքիայի ազգային փոքրամասնությունների, էթնիկ եւ կրոնական խմբավորումների նկատմամբ քեմալականության անհանդորժողականությունը սոցիալ-դեմոկրատներին միավորում է նեոֆաշիստ ազգայնամոլների հետ: Հայկական դավադրության որոնումներն ընդհանուր են դառնում միմյանց հետ հայատյացության մրցակցություն ծավալող այս կուսակցությունների համար, որոնցից Ազգայնական շարժումը՝ ի դեմս գլխավոր նախագահ Դեւլեթ Բահչելիի, հակազդեցությամբ առաջինն է արձագանքում «հայերից ներողություն խնդրելու» ստորագրահավաքին եւ կտրականապես դատապարտում է նախաձեռնությունը: Բահչելիի արձագանքը կարեւորվում է այն առումով, որ նրա Ազգայնական շարժում կուսակցությունը զբաղեցրած տեղերի քանակով երրորդ քաղաքական կազմակերպությունն է Թուրքիայի ազգային մեծ ժողովում: Ինչ վերաբերում է արձագանքի բովանդակությանը, ապա դա էլ երեւան է հանում ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ հայերի եւ Հայաստանի նկատմամբ թուրքական խորհրդարանում առկա նկրտումները, որոնք նաեւ հասարակականի երանգ են կրում, քանի որ քաղաքական յուրաքանչյուր կուսակցություն ներկայացնում է հասարակության որոշակի հատվածին: Բահչելիի արձագանքի մասին դեկտեմբերի 7-ի համարում տեղեկացրել է ինտերնետային «Սոնսայֆա» թերթը: Ըստ թերթի, վերջինը հաղորդագրություն է տարածել, որտեղ «հողային պահանջներից չհրաժարվող Հայաստանի առջեւ սահմանները բացելու պատրաստակամության եւ վերջինի հետ դիվանագիտական շփումներ» հաստատելու համար խստագույնս դատապարտել է վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը, ապա եւ այլասերվածության ցուցանիշ է համարել 4 մտավորականների՝ հայերից ներողություն խնդրելու նախաձեռնությունը: Բահչելին ասել է. «Վերջին տարիներին հանուն պատմության հետ առերեսման «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը միակողմանի զիջողության հակումներով ազդարարում է մեր նախնիներին դատաստանի առջեւ կանգնեցնելու գործընթացի մեկնարկը: Զարգացումները ցույց են տալիս, որ այսպես կոչված ցեղասպանությունից բխող անարգանքն ու զրպարտությունները հանդուրժող կառավարության շուրջը պաշարման օղակ է ձեւավորվում եւ կիրառման մեջ է դրվում այդ օղակն աստիճանաբար սեղմելու սցենարը: Ստորագրահավաքի պատմական ճշմարտությունները կատարելապես անտեսող, բարեգթությունից եւ արդարամտությունից զուրկ նախաձեռնությունն արգասիք է անտեղյակության արյունահեղ այն իրադարձությունների, որոնք Օսմանյան կայսրությունում պատճառել են իմպերիալիզմի ձեռքին գործիք դարձած հայ հպատակները: Որեւէ հանցանք չենք կատարել, որ ներողություն խնդրենք: Օսմանյան կայսրության նահանջի հետ արյունահեղ կոտորածների, մշտական բռնությունների, անվերջ արտագաղթերի ենթարկված թուրք ազգը, պահելով սրտի խորքում պատմական այս իրադարձությունների վիշտը, մի նոր դուռ բացեց աշխարհի համար: Մեր նախնիների հիշատակն անարգելու, նրանց իբրեւ հանցագործ ներկայացնելու իրավունքը տրված չէ որեւէ մեկին: Սակայն պետք է ճշտել ներողության հարցը, թե ով ումից է խնդրելու: Ահաբեկչության զոհը դարձած օսմանյան պետական գործիչների, սպանված թուրք դիվանագետների, դեռեւս վերքերը չսպիացած Ղարաբաղի կոտորածների համար ներողություն ակնկալելը, հայերի բռնություններին ենթարկված մեր ազգի ամենատարրական եւ պատմական իրավունքն է: Ամեն պատեհ առիթի դեպքում ցեղասպանության 100-ամյա ստին դիմող հայերը պարտավոր են խոստովանել եւ ընդունել ընդամենը 16 տարի առաջ Ադրբեջանում իրենց կատարած մարդկային սոսկալի վայրենությունը, պետք է ազատեն գրավյալ տարածքները: Արժանապատվությունն անարգող այս վիրավորանքն անընդունելի է, իսկ հարաբերությունների զարգացումը՝ անհնար այս պարտադրանքով եւ զիջումներով»: Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: