Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը
«Ազգ» 3-12-2008- «Ազգը» նախորդ համարում տեղեկացրել էր, որ նոյեմբերի 30-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ուղեւորվել Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, միաժամանակ ներկայացրել էր նաեւ «Ջիհան» լրատվական գործակալությանը նրա տված հարցազրույցը: Բաբաջանը, նկատի ունենալով Հայոց ցեղասպանության եւ ղարաբաղյան հակամարտության խնդիրները, ասել էր, որ իրենք կողմնակից են Հայաստանի հետ մնայուն լուծման, ժամանակավոր լուծումներ չեն ուզում, Հայաստան-Թուրքիա շփումների նպատակակետը հարաբերությունների լիարժեք նորմալացումն է:
Բաբաջանի հարցազրույցը թարգմանաբար ներկայացնելիս, մեր թերթում նշվել է, որ դա միանգամայն արտացոլում է Հայաստանի հետ «մերձեցման» Անկարայի ակնկալիքները, թեեւ Թուրքիան չի հավակնում ղարաբաղյան հակամարտության միջնորդի դերին, սակայն նա, Հայաստանի հարաբերություններն Ադրբեջանի հետ կարգավորելու նախաձեռնությամբ, հայ-ադրբեջանական բանակցություններին միջամտելու հնարավորություն է ստանում, ինչը ենթադրում է նրա միջամտությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին նաեւ:
Այլ կերպ, Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցում ընդառաջել Անկարային նշանակում է ընդլայնել ղարաբաղյան հակամարտության խնդիրներին միջամտելու «մեկ ազգի երկու պետություններից» գլխավորի՝ Թուրքիայի հնարավորությունները, միաժամանակ նախադրյալներ ստեղծել, որ Անկարան այդ միջամտությունը մասսայականացնի եւ միջազգային հնչեղություն հաղորդի դրան:
Եթե Ալի Բաբաջանի հարցազրույցը կարեւոր է Հայաստանի հետ մերձեցումից Թուրքիայի ակնկալիքների բացահայտման առումով, ապա Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ կայացած հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսն էլ բացահայտում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների բնույթը:
Բաբաջան-Մամեդյարով հանդիպումը դեկտեմբերի 1-ի համարում լուսաբանել է «Ջումհուրիեթը»: Ըստ թուրքական թերթի, Ալի Բաբաջանը, նշելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի մասին, ասել է. «Եթե Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունները հունի մեջ մտնեն եւ առկա հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ կատարվեն դրական քայլեր, ապա կբարելավվեն նաեւ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները»:
Ասուլիսում Թուրքիա-Հայաստան երկխոսության ակտիվացման եւ հայ-թուրքական սահմանի բացման հավանականության վերաբերյալ հարցերին պատասխանելիս, Ալի Բաբաջանն ուշադրություն է հրավիրել ԵԱՀԿ նախաձեռնությամբ սկզբնավորված Հայաստան-Ադրբեջան երկխոսության ակտիվացման հետ նաեւ Մինսկի խմբի գործընթացի ակտիվացման վրա, ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարեւորությունը եւ նշել. «Ադրբեջանի տարածքի մի մասը հայաստանյան օկուպացիայի տակ է: Սա կարեւոր հիմնախնդիր է: Այս կարգի հիմնախնդիրները պետք է որ մտնեն կարգավորման հուն»:
Նա միաժամանակ շեշտել է հարցերին դիվանագիտական եղանակով խաղաղ լուծում տալու անհրաժեշտությունը, ապա եւ շարունակել. «Քանի դեռ պահպանվում են այս հիմնախնդիրները, հազիվ թե տարածաշրջանում հաստատվեն իրական խաղաղություն եւ իրական կայունություն: Չենք ուզում այս խնդիրները թողնել ապագա սերունդներին, որ դրանք սերնդեսերունդ փոխանցվեն»:
Այնուհետեւ Բաբաջանն անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին, նշել է, որ դրանք զարգանում են եղբայրության եւ բարեկամության հիմքի վրա, ուստի «բացառիկ» են, եւ հավելել է. «Անկասկած Ադրբեջանի հետ Թուրքիայի այս բացառիկ հարաբերությունները խիստ կարեւոր ներազդեցություն են ունենալու բոլոր հիմնախնդիրների կարգավորման հարցում: Վերջին մեկ տարում նախագահի եւ վարչապետի մակարդակով երկուստեք իրականացվել է փոխադարձ 10 այց, իսկ նախարարների՝ 30: Այս ցուցանիշները հստակ պատկերացում են տալիս երկկողմ հարաբերությունների բովանդակության մասին»:
Բաբաջանը հավաստիացրել է, որ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է եղել, շարունակելու է լինել, ապա ավելացրել է. «Այս խնդիրները սոսկ Ադրբեջանինը չեն, դրանք նաեւ Թուրքիայի խնդիրներն են»: Վերջում նա ընդգծել է խնդիրների կարգավորման կարեւորությունը՝ ասելով. «Եթե հիմնախնդիրները չեք լուծում, ապա դրանք շատ ավելի մեծ աղետի տեսքով ձեզ են վերադառնում»:
Ինչ վերաբերում է Մամեդյարովին, ապա նա ասել է, որ Բաբաջանի հետ հանդիպմանը քննարկվել է նաեւ «Հայաստանի օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի հարցը», ընդգծել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով զարգացնելու անհրաժեշտությունը:
Հ. ՉԱՔՐՅԱՆ
No comments:
Post a Comment