Tuesday, December 30, 2008

Հայաստանի պաշտպանության նախարարը Չինաստանում է

«Ազատություն» 29.12.2008- Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Չինաստանի պաշտպանության նախարար Լիանգ Գուանգլին այսօր Պեկինում կայացած հանդիպման ժամանակ պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը երկու երկրների զինված ուժերի միջեւ: «Սինխուա» լրատվական գործակալության փոխանցմամբ` Չինաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ բարձր մակարդակի այցերը երկու պետությունների միջեւ մեծացնում են փոխադարձ վստահությունը եւ զարկ են տալիս տարբեր ոլորտներում համագործակցությանը: Լիանգ Գուանգլին, ով նաեւ պետական խորհրդական է, կարեւորել է ռազմական համագործակցության զարգացումը հայ-չինական երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Այսօր Սեյրան Օհանյանը հանդիպել է նաեւ Չինաստանի կենտրոնական ռազմական հանձնաժողովի փոխնախագահ Գուո Բոքսյոնգի հետ: Հանդիպման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարը որպես լավ բարեկամ եւ գործընկեր է բնութագրել Չինաստանը` իր գնահատանքը հայտնելով Հայաստանի բանակաշինությանը Չինաստանի ցուցաբերած օժանդակության կապակցությամբ, եւ համագործակցության ընդլայնման պատրաստակամություն է հայտնել: Սեյրան Օհանյանը երկօրյա պաշտոնական այցով Չինաստան է մեկնել շաբաթ օրը:

No comments: