Thursday, December 11, 2008

«ԼՂԻՄ ՔԱՐՏԵԶԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿ ԽՈՐԱՊԵՍ ԱՆԱՐԳՈՒՄ Է ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂՆԵՐԻՆ»

«Ազգ». 10-12-2008- Արցախյան 9 հասարակական կազմակերպություններ եւ կուսակցությունների երիտասարդական թեւերը հայտարարություն են տարածել՝ պահանջելով նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական միջամտությունը: «Հայաստանի հանրային, ինչպես նաեւ մյուս հեռուստատեսությունների եթերում ԼՂՀ հռչակման պահից գոյություն չունեցող ԼՂԻՄ քարտեզի ամենօրյա ցուցադրումը շարունակ խորապես անարգում է ոչ միայն ՀՀ եւ ԼՂՀ, այլեւ սփյուռքի հեռուստադիտողներին: Քաղաքական առումով հատկապես բացասական ազդեցություն է ունենում այժմ, երբ ազգի համար հակամարտության կարգավորման բանակցությունների վճռորոշ փուլում, ինչպես բոլորս հույս ունենք, հայոց դիվանագիտությունը պայքարում է հայ ժողովրդի շահերի պաշտպանության համար», նշված է հաղորդագրությունում: «Արցախի երիտասարդ քաղաքագետների ակումբը», Արցախի ազատամարտիկների միության «Հայրենաց պաշտպան» ՀԿ-ն, ՀՅԴ «Արցախի երիտասարդական միությունը», ԱԺԿ երիտասարդական թեւը, «Ազատ հայրենիք» երիտասարդական թեւը, «Վաչագան Բարեպաշտ», «Հայկի սերունդ», «Ալֆա-Օմեգա» եւ «Զեփյուռ» ՀԿ-ները պահանջել են բոլոր հեռուստատեսությունների ցուցադրած օդերեւութաբանական կանխատեսման քարտեզներից հանել «ԼՂԻՄ»-ի պատկերը եւ փոխարինել ՀՀ եւ ԼՂՀ քարտեզներով: «Ջնջելով հայ ժողովրդին պարտադրված «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի» ապօրինի, արհեստական եւ անկենսունակ նախկին սահմանները, 2006 թվականի հանրաքվեով ընդունված ԼՂՀ սահմանադրությունն ամրագրել է մեր ժողովրդի լավագույն զավակների արյան գնով ազատագրված Հայոց հողի ինքնիշխան սահմանները: Համոզված ենք, որ ամենակարճ ժամկետներում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ստեղծված իրավիճակը փոփոխելու ուղղությամբ», նշված է հաղորդագրությունում: Ա. Բ.

No comments: