Tuesday, December 9, 2008

CNN-Ը ԿՐԿԻՆ ՀՈՒՍԱԽԱԲ ԱՐԵՑ

«Ազգ». 9-12-2008 - Երկար շեփորված հաղորդումը՝ «Scream Bloody Murder» («Ճչա՛ արյունոտ սպանդ»), հեռարձակվեց դեկտեմբերի 5-ին եւ հուսախաբ արեց հայերին ու նրանց բարեկամներին: Նշանավոր լրագրողուհի, բազմաթիվ մրցանակների արժանացած Քրիստիան Ամանպուրը ընդամենը... 46 վայրկյան էր հատկացրել 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Ոչ իսկ 1 րոպե 90 րոպեանոց իր հրաշալի հաղորդման մեջ: Այն էլ՝ որպես միջարկություն կամ հղում ցեղասպանություն տերմինի հեղինակ եւ ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի «կնքահայր» Ռաֆայել Լեմկինի հակացեղասպանական գործունեությանը: Ավելին, ծագումով պարսկուհի եւ իսրայելյան շահերի ջերմ պաշտպան Ամանպուրը բնավ չգործածեց ցեղասպանություն բառը Մեծ եղեռնի կապակցությամբ եւ, միաժամանակ, ցույց չտվեց անհրաժեշտ վերաբերմունքը օտարերկրացի մասնագետների բնորոշմամբ «տիպական ցեղասպանություն» հորջորջված 1915-ի Հաշվեհարդարին: Քրիստիան Ամանպուրը այն լրագրողը չէ, որ չգիտակցի ու չհաշվարկի իր ներկայացրած հեռուստաընկերության եթերում հնչած, այս պարագայում՝ չհնչած բնորոշումների արժեքն ու ազդեցությունը, եւ մենք իրավունք ունենք մտածելու, որ 1915-ի իրադարձությունները բնորոշող գիտական տերմինները չօգտագործելը պատահական չէր բնավ: Մանավանդ որ, ինչպես վերը նշվեց, նա հաղորդման ընթացքում հանգամանորեն անդրադարձ կատարեց Լեմկինի, ինչպես նաեւ հետագա ցեղասպանությունների՝ Հոլոքոսթի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի եւ այլ ցեղասպանություններին՝ հատկապես անդրադառնալով դրանց դեմ ընդվզման շարժում սկսած համաշխարհային հեղինակություններին: Այսուհանդերձ, որպես լրագրողական գործ Ամանպուրի հաղորդումը ազդեցիկ էր, տեղին, տեխնիկական ու զուտ մասնագիտական առումներով կատարյալ: Եվ հենց այդ պատճառով արժե, որ հայկական լոբբիստական խմբերը համապատասխան ձեւերով ու միջոցներով պահանջեն CNN-ի ղեկավարությունից սրբագրելու եղած մեծ թերացումը, անարդարությո՛ւնը: Մեզ հասած տեղեկություններով, հիշյալ խմբերն արդեն սկսել են աշխատանքը:

No comments: