Tuesday, December 9, 2008

ԻՐԱՎՈՒՆՔԻ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԶԳԱՑՈՒՄ

Լրագիր. 9-12-2008- Հինավուրց, մեզ նման հազարամյա քաղաքակրթություն եւ մշակույթ ունեցող Հունաստանում անհանգիստ է: Երիտասարդներն ու պատանիները ավերում են ամեն ինչ, կոտրում են խանութների ապակիները, այրում են մեքենաներ: Մի խոսքով, Հունաստանում տեղի է ունենում այն, ինչ մի քանի տարի առաջ կատարվում էր Ֆրանսիայում, երբ Սարկոզին դեռ ներքին գործերի նախարար էր: Հույն երիտասարդների ու պատանիների մոլեգնության պատճառն այն է, որ ոստիկանությունը սպանել է 15-ամյա մի պատանու: Ոստիկանության պաշտոնական տեղեկության համաձայն, պատանին սպանվել է այն բանից հետո, երբ պատանիների եւ երիտասարդների 30 հոգանոց մի խումբ պայթուցիկ է նետել պարեկային մեքենայի վրա, ինչին ի պատասխան ոստիկաններից մեկը կրակել է ու մահացու վիրավորել պատանուն: Դրանից հետո սկսվել է ավերածությունը եւ արդեն երկու-երեք օր է, ինչ Հունաստանի մի քանի քաղաքներ ենթարկվում են երիտասարդների ու պատանիների “արշավանքին”: Այդօրինակ տեղեկատվությունը, սովորաբար, առաջացնում է երկակի զգացում: Մի կողմից լավ է, որ օրինակ Հայաստանում, չնայած բազմաթիվ խնդիրներին, չնայած իշխանական, հատկապես իրավապահ մարմինների թույլ տված բազմաթիվ անօրինականություններին, առանձին քաղաքացիների հանդեպ դաժանություններին, անհամարժեք, ոչ իրավաչափ գործողություններին, “ամբոխները խելագարված” ոտքի չեն կանգնում եւ չեն ավերում քաղաքներն ու գյուղերը: Մյուս կողմից, մի տեսակ անհարմարության զգացում կա, որ մեզանում իրավապահները կարող են անել ամեն ինչ, ընդհուպ կարող է ոստիկանությունում հարցաքննության կանչված վկան մահանալ, ու դրա համար հանրային արձագանքը գրեթե զրո է: Մի քանի հասարակական կազմակերպություն, բոլոր դեպքերում, ինչպես մահացած վկայի դեպքում, կարող են բողոքի ակցիաներ անել, սակայն այդ մի քանի կազմակերպությունը դեռ հասարակություն չեն, իսկ այդ բողոքի ակցիաներն էլ ամենեւին այն ակցիաները չեն, որ կարողանան մտահոգել իշխանությանը, իրավապահներին: Դժվար է ասել, թե որ արձագանքն է լավ, ճիշտ, առողջ: Թվում է, թե շատ վատ է, երբ մի պատանու սպանությունը մյուսները դարձնում են իրենց ավերիչ էներգիան արդարացնելու եւ շրջապատը քարուքանդ անելու համար: Մյուս կողմից թվում է, որ առավել վատ է անտարբերությունը, երբ հանրության յուրաքանչյուր անդամ մտածում է, որ հաջորդ մահացածը կամ սպանվածը չլինելու լավագույն ձեւը ոչ թե համընդհանուր բողոքով այդ երեւույթի դեմ դուրս գալն է, թեկուզ ծայրահեղ միջոցով, այլ սուս ու փուս սեփական տանը նստելն ու գլուխը պատուհանից դուրս չհանելը: Մեր հասարակությունում հիմնականում ընդունված է հենց այդ մոտեցումը: Այլապես, Հայաստանում շատ ու շատ առիթներ են եղել, որ կարող էին դառնալ երիտասարդության եւ պատանիների սուր բողոքի եւ դժգոհության պատճառ, բայց այդօրինակ բողոքի դեպքեր գրեթե չեն եղել, եթե բացառություն չհամարենք զինապարտության մասին օրենքի փոփոխության հայտնի դեպքը` մի քանի տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանն էլ դեռ պաշտպանության նախարար էր: Հայաստանցի ուսանողները բողոքի էին դուրս եկել, դեմ լինելով բակալավրատն ավարտելուց հետո բանակ զորակոչվելու մասին օրինագծին: Սակայն զարմանալին այն է, որ բանակ գնալու խնդիրն այդօրինակ բողոք առաջացրել էր երիտասարդության շրջանում, իսկ ահա երբ խոսքը գնում է որեւէ երիտասարդի կամ պատանու ոտնահարված իրավունքի, արժանապատվության դեպքերի մասին, երիտասարդներն առավելապես նախընտրում են “ինչպես ուռին ու բարդին” տարբերակը: Այդ պատճառով էլ, այդօրինակ խնդրով բողոքի օրինակ Հայաստանում ցույց են տվել ոչ թե հայաստանցի, այլ հնդիկ ուսանողները, որոնք երկու տարի առաջ միահամուռ բողոքի ակցիա կազմակերպեցին Երեւանում: Ի դեպ, հենց այդ ակցիայից հետո էր, որ հնդիկներն իմացան, մեր բժշկականի ռեկտոր Գոհար Քյալյանի “օգնությամբ”, որ իրենք խաբեբա եւ գնչու ազգ են: Փաստորեն, համընդհանուր բողոքի դրսեւորումները երիտասարդների ու պատանիների համար նաեւ օգտակար են իմացության սահմանների ընդլայնման տեսանկյունից, քանի որ օրինակ եթե հնդիկ երիտասարդներն այդ բանը չանեին, ապա երբեք չէին իմանա, թե որտեղից են սերում իրենց արմատները եւ ինչ որակ են հաղորդում իրենց ազգային ինքնությանը: Թեեւ միգուցե հայ երիտասարդներն ու պատանիները գիտեն եւ իրենց արմատների, եւ ազգային ինքնության մասին, ու դրա համար էլ կարիք չունեն որեւէ առիթով զանգվածային բողոքներ անելու, բացառությամբ իհարկե թուրքական դրոշ այրելու լուսավոր գաղափարի: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: