Tuesday, January 20, 2009

ԲԱՔՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴԵՐԻՑ 19 ՏԱՐԻ ԱՆՑ

Սգո երթի մասնակիցների թիվը երկու տասնյակից ավելին չէր Azg. 20-1-2009- 1990 թվականի հունվարի 19-ին հայկական ջարդերից հետո Բաքվում հայտարարվում է արտակարգ դրություն: Խորհրդային զորքերն Ադրբեջանի մայրաքաղաք են հասնում այն ժամանակ, երբ բռնությունները հայ բնակչության նկատմամբ ավարտվել էին եւ քաղաքում, ըստ էության, հայ չէր մնացել: Ամեն տարի հունվարի 19-ին Բաքվի ջարդերից հետո Հայաստանում ապաստան գտած հայ փախստականները սգո երթ են կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող Բաքվի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Սեդա Գասպարյանը Բաքվից փախել է 1990 թվականի հունվարի 13-ին: Բաքվում է ապրել 1949 թվականից: Ասում է, որ հայերի նկատմամբ անհանդուրժողականություն միշտ եղել է, սակայն ԽՍՀՄ փլուզման տարիներին վերածվել էր ատելության: «Հայերին աշխատանքի չէին ընդունում, խտրականություն էր տիրում: Ջարդերին միայն Ժողճակատի անդամները չէ, որ մասնակցում էին: Փողոցներում անգամ ադրբեջանցի կանայք էին մասնակցում ծեծերին, թալանում տները», ասում է նա: Ադրբեջանահայության կոտորածներից հետո ավելի քան 400 հազար հայ դարձավ փախստական, նրանցից 300 հազարն ապաստանեց Հայաստանում: Նրանց մեծ մասն ապրում է սոցիալական վատթար պայմաններում: Մարիա Ավանեսյանը 1988 թվականից ապրում է Քասախ գյուղի նախկին գաղութի շենքում: Պատմում է, որ այդտեղ է ապրում 50 ընտանիք: «Տարրական պայմաններ անգամ չկան: Ապրում ենք գաղութի խցերում», նշում է Մարիա Ավանեսյանը: «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը հիմնադրվել է ադրբեջանահայության շահերը պաշտպանելու նպատակով: «Մեր ծրագրերից մեկն ազատագրված տարածքներում ադրբեջանահայերին սեփականության իրավունքով հողակտորներ տրամադրելն է: 35.000 մարդ արդեն ցանկություն է հայտնել իր հողակտորն ունենալու այդ տարածքներում: Մենք մշակել ենք 1000 դիմում եւ ուղարկել Արցախի ղեկավարությանը: Պատասխանել են, որ մեր առաջարկը դիտարկման փուլում է», նշում է ցանցի աշխատանքները համակարգող Էլեոնորա Ասատրյանը : Նա նկատում է, որ դիմողների որոշակի հատվածն է միայն ցանկություն հայտնել բնակվելու այնտեղ, սակայն հողակտոր ստանալը դիտարկել են որպես փոխհատուցման տարբերակ: «Ծրագրի իրականացման արդյունքում ազատագրված տարածքները կարող են որպես կենսաֆոնդ դիտարկվել», ասում է Էլեոնորա Ասատրյանը: ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը նշում է, որ այսօր Արցախում է ապրում 20.000 փախստական: «ԼՂՀ կառավարությունը պետք է պատասխանատվություն ստանձնի փախստականների ճակատագրի համար եւ պահանջատեր լինի: ԼՂՀ-ն ադրբեջանահայության պետությունն է: ԼՂՀ-ն երկքաղաքացիության օրենք ընդունելու դեպքում նախկինում Ադրբեջանում բնակվող հայերը հնարավորություն կունենան ընդունելու ԼՂՀ քաղաքացիությունը: Սա առաջին հերթին բարոյական մեծ նշանակություն կունենա», ասում է Արման Մելիքյանը: Մաթեմատիկայի ուսուցչուհի Իննա Ակոպովան Բաքվից Հայաստան տեղափոխվեց 1988 թվականին: Հաստատվել է Էջմիածնում: Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտողար Աբդուռահման Վեզիրովի` հայերին ուղղված կոչից հետո վերադառնում է Բաքու: Սակայն կրկին ստիպված է լինում Հայաստան գաղթել 1989 թվականի դեկտեմբերին: «Այդ ժամանակ արդեն էթնիկ զտումները սկսված էին: Բաքվում երեք բնակարան ունեի, փորձում էի վաճառել: Ադրբեջանցիներին զգուշացրել էին, որ հայերին խաբեք, իբր պատրաստվում եք գնել բնակարանը կամ էլ փոխանակել, բայց գումար մի տվեք: Երբ փորձում էի իրերս տեղափոխել, Ժողճակատի անդամները հարձակվեցին ու ջարդեցին», հիշում է Իննա Ակոպովան: Բաքվի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հունվարի 19-ի ջարդերից 19 տարի անց հավաքվել էին երկու տասնյակի հասնող փախստականներ ու ականատեսներ: Պաշտոնյաներ այստեղ չկային: Մասնակիցները պատմում են, որ սգո երթի շարքերը նվազում են տարեցտարի: ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: