Tuesday, January 20, 2009

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՏՈՒՀԱՆԸ ՉԲԱՑԵՑ

A1+. 20-1-2009- «Հող հանձնողը դավաճան», «Նալբանդյան, դուրս արի», -այսօր ՀՀ ԱԳՆ-ի մոտ «Միացում» ազգային նախաձեռնությունը սկսեց 2009թ. իր միջոցառումների շարքը: Այսօր արդեն 3-րդ անգամ «Միացման» անդամները Էդուարդ Նալբանդյանից պահանջում էին ընդունել իրենց` վստահեցնելով, որ ԼՂ հարցում խիստ կարեւոր տեղեկատվություն ունեն հայտնելու, որը առաջին հերթին բխում է հենց Նալբանդյանի շահերից: Մոտ 2 ժամ «Միացումն» այսօր անցկացրեց ԱԳՆ-ի մոտ` վանկարկելով «Արցախ, Հայաստան, միացում», երգելով ազգային ազատագրական բազմաթիվ երգեր, սակայն նրանց ձայնը այդպես էլ ներս չթափանցեց ԱԳՆ-ի պատուհաններից: «Բոլորը, նաեւ այսօր Երեւան ժամանած համանախագահներն էլ պետք է գիտակցեն, որ բոլոր, այդ թվում` ԼՂ հարցում որոշում կայացնողը հայ ժողովուրդն է: Իշխանության որեւէ ներկայացուցիչ այսօր չի կարող որոշում կայացնել հայ ժողովրդի անունից, եւ դա պետք է գիտակցեն, թե համանախագահները, թե ԵԽ-ն եւ թե այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ»,- «Ա1+»-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Շարունակելով նրա խոսքը` Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը հայտնեց. «Մենք այստեղ գալու ենք այնքան ժամանակ, մինչեւ Նալբանդյանը մեզ ընդունի եւ վստահ ենք, որ, ի վերջո, նա կընդունի մեր պատվիրակությանը, քանի որ պարտավոր է»: Սեֆիլյանը վստահ է, որ արյան գնով ազատագրված հողերը չհանձնելու գաղափարը միայն «Միացմանը» չէ, այլ ողջ հայ ժողովրդինը. «Մեր ժողովրդի զգալի հատվածը այս գաղափարներն է կրում իր մեջ, եւ Նալբանդյանը ուղղակի ստիպված է լսել նրանց: Մեզ չընդունելը այս իշխանությունների անբարոյական գործողությունների շարքից է»: Ինչպես միշտ, այսօր «Միացման» շարքերում էր Արցախյան պատերազմի առաջին զոհերից Էդիկ Տոռոզյանի մայրը` Փառանձեմ Տոռոզյանը.«Իմ մինուճար տղան զոհվել է Արցախի ու Հայաստանի միացման, մեր պատմական հողերը ազատագրելու համար, իսկ այսօր այս դավաճանները վաճառում են մեր հայրենիքը: Երեւանի կենտրոնում շենքեր են կառուցում, թող գնան Ղարաբաղում մի բան կառուցեն, մինչ օրս չեն կառուցել, որովհետեւ միշտ էլ մտածել են, որ հանձնելու են»: Ի տարբերություն նախորդ միջոցառումների` այսօր նույնիսկ ԱԳՆ-ի պատուհաններից նայողներ չեղան, փոխարենը հայտնվեցին մի քանի տասնյակ ոստիկաններ եւ շղթա կազմելով` փորձեցին խոչընդոտել «Միացման» ինքնաբուխ երթը` դեպի Հյուսիսային պողոտա: Մոտ 20 րոպե «Միացման» անդամները տեղում կանգնած երգում էին եւ վանկարկում իրենց կարգախոսները: Ոստիկանները հասկացան կամ հրահանգ ստացան` բացել ճանապարհը: Հյուսիսային պողոտայում «Միացման» «Հող հանձնողը դավաճան», «Արցախ-Հայաստան, միացում» կարգախոսը փոխվեց` «Պայքար, պայքար մինչեւ վերջ»:

No comments: