ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նորայր Մուրադխանյանը գոհ է իրենց վարչությունում իրականացված բարեփոխումների արդյունքներից: Այսօրվա ասուլիսում նա հայտարարեց, որ այժմ արդեն քաղաքացիներից դժգոհություններ չեն ստանում: Իսկ ինչից էլ որ դժգոհել են քաղաքացիները, վարչության պետի հավաստմամբ, իրենք փորձել են հարթել եւ վերացնել այդ խոչընդոտները:
Նրա խոսքով, այժմ անձնագրային վարչության տարածքային բոլոր կենտրոններում փակցված են պաստառներ, որոնց միջոցով քաղաքացին տեղեկանում է, թե որ գործողությունը ինչ ժամկետներում կարող է կատարվել: Ն. Մուրադխանյանի խոսքով, անձնագրերի տրամադրման ժամկետը, ըստ համապատասխան նորմատիվ ակտերի, սահմանվել է 5 աշխատանքային օր: Անձնագիր ստանալու համար սահմանված պետական տուրքը 1000 դրամ է: Եթե քաղաքացուն շատ անհրաժեշտ է անձնագիրը, ապա փաստաթուղթը նրան կարող է տրամադրվել 5 օրից պակաս ժամկետում: Միայն թե այս դեպքում, կառավարության որոշմամբ, քաղաքացին պետք է այդ լրացուցիչ ծառայության դիմաց վճարի: Ըստ այդմ, 1 օրվա ընթացքում անձնագիրը ստանալու համար պետք է վճարել 20 հազար դրամ, իսկ մինչեւ 4 օրվա ընթացքում` 10 հազար դրամ:
Մուրադխանյանը նաեւ տեղեկացրեց, որ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված է ID քարտերի եւ կենսաչափական տվյաներով անձնագրերի օգտագործումն սկսել 2010-ի հունվարի 1-ից: «Բայց ներկայիս անձնագրերը, որոնք մենք այժմ ունենք, չեն կորցնելու իրենց վավերականությունը եւ կօգտագործվեն մինչեւ դրանց ժամկետն ավարտվի»,- հավելեց ոստիկանության աշխատակիցը: ID քարտերը, ինչպես անձնագրերի եւ վիզաների վարչության պետն ասաց, լինելու են ներքին օգտագործման համար եւ կիրառվելու են երկրի ներսում, իսկ կենսաչափական տվյալներով անձնագրերը` արտերկրում: Ի դեպ, այս տիպի անձնագրերում նշված են լինելու տվյալ քաղաքացու կենսաբանական բոլոր տվյալները:
Sunday, January 4, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment