Monday, January 26, 2009

Ըստ ՄԱԿ-ի տվյալների` 2008 թվականին տարերային աղետները 235 հազար մարդու կյանք են խլել

ԺՆԵՎ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2008 թվականին տարերային աղետները 235 հազար 816 մարդու կյանք են խլել: Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է ՄԱԿ-ի տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի քարտուղարության տնօրեն Սալվանո Բրիչենոն: Նրա խոսքով` ամենասարսափելին անցած տարվա մայիսն էր, երբ բնական կատակլիզմների զոհ դարձավ 225 հազար մարդ: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` Մյանմային պատուհասած «Նարգիզ» ցիկլոնի զոհ դարձավ 138 հազար 166 մարդ: Չինաստանի Սիչուանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվեցին Չինաստանի 87 հազար 476 բնակիչներ: Անցած տարվա մյուս 319 բնական աղետներն ընդհանուր առմամբ մոտ 10 հազար կյանք խլեցին: Մասնավորապես, հուլիս-օգոստոսին Հնդկաստանում ջրհեղեղի զոհ դարձավ 1963 մարդ, իսկ հունվարին Աֆղանստանում եղանակի կտրուկ ցրտելը 1317 մարդու մահվան պատճառ դարձավ: Ընդհանուր առմամբ 2008 թվականին բնական աղետներից տուժել է 211 մլն մարդ: Վնասը կազմել է 181 մլրդ դոլար` մոտավորապես նույնքան, որքան տարեկան եղել է 2000-ից մինչեւ 2007 թվականն ընկած ժամանակաշրջանում:

No comments: