«Ազատ Արցախ»- Անցած տարվա վերջին ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող միջազգային միջնորդները հանդես եկան 2009թ. հակամարտության կարգավորման գործընթացում ճեղքման հասնելու մասին լավատեսական հայտարարություններով: Կարծես թե նրանք իրոք որոշել են գործն այլեւս չհետաձգել եւ Ցուլի տարում, ինչպես ասում են, բռնել նրա եղջյուրներից՝ ակտիվացնելով իրենց դիվանագիտական ջանքերը՝ կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար:
Միջնորդների լուրջ մտադրությունների վկայություն կարող է ծառայել այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Լեռնային Ղարաբաղի գծով համանախագահները ենթադրաբար պատրաստվում են արդեն հունվարի կեսերին կատարել իրենց հերթական այցը տարածաշրջան: Նախատեսվում է, որ նրանցից անմիջապես հետո փետրվարի սկզբին այստեղ կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի՝ լեռնայինղարաբաղյան հակամարտության գծով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: Ինչպես ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ՄԽ համանախագահության եռյակի այցի ընթացքում հակամարտության կողմերի հետ բանակցությունների հիմնական թեման կրկին կլինեն կարգավորման հիմնարար սկզբունքները: Ընդ որում, դիվանագետն իրեն բնորոշ լավատեսությամբ նորից հույս է հայտնել, որ առաջին կիսամյակում կհաջողվի հասնել ինչ- որ պայմանավորվածությունների: Խոստովանենք՝ այն հաստատունությունը, որով փայլում է Մեթյու Բրայզայի լավատեսությունը, ոչ միայն զարմանք, այլեւ նույնիսկ հարգանք է հարուցում: Շատ կուզենայինք հավատալ, որ ամերիկյան միջնորդի լավատեսությունը լուրջ հիմքեր ունի: Կուզենայինք՝ թե չլիներ մի «բայց»...
Բանն այն է, որ նախանձելի հաստատունությամբ աչքի է ընկնում նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ճիշտ է՝ նրա հաստատունությունը բոլորովին այլ, ուղղակի հակառակ էություն ունի: Ժողովրդին հղված ամանորյա ուղերձում նա կրկին, ինչպես իր նախորդ համանուն ելույթներում, հայտարարել է, որ հակամարտությունը կկարգավորվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Քանի գնում՝ չափն անցնում է: «Ադրբեջանի պետությունը եւ ադրբեջանական ժողովուրդը երբեք Լեռնային Ղարաբաղին անկախություն չեն տրամադրի: Լեռնային Ղարաբաղը վաղեմի ադրբեջանական տարածք է (!!!), եւ մենք բոլոր ջանքերը կներդնենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար: Կարելի է օգտագործել ե՛ւ քաղաքական, ե՛ւ դիվանագիտական, եւ եթե հարկ լինի՝ ռազմական միջոցները: Մենք ադ իրավունքն ունենք: Միջազգային իրավունքը դա ապահովում է»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Նման ընդարձակ մեջբերում Ալիեւ կրտսերից մենք բերեցինք միայն մեկ նպատակով՝ հարց ուղղելու Մեթյու Բրայզային. ինքը եւ միջնորդության գծով իր պաշտոնակիցները նման պայմաններում ինչպե՞ս են պատկերացնում պայմանավորվածությունների ձեռքբերումը: Չէ՞ որ նույն պարոն Բրայզան 2008-ի ամենավերջին հայտարարել է, որ «լեռնայինղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր կլինի, եթե հանրային առաջնորդներն օգնեն իրենց քաղաքացիներին՝ փոխզիջումների գնալու»: Ի՞նչ հանրային առաջնորդների եւ ի՞նչ փոխզիջումների մասին կարող է խոսք լինել, եթե Ադրբեջանի ղեկավարն ինքը իր անառարկելի, բացահայտ ագրեսիվ հայտարարություններով բացառում է լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ փոխզիջումային պայմանագրի հասնելու հավանականությունը՝ հանդես գալով ծայրահեղական, իրականությունից հեռու դիրքերից: Կարծում ենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն անհրաժեշտ է առաջին հերթին դատապարտել Ադրբեջանի իշխանություններին, որոնք մշտապես կոչ են անում նոր պատերազմի, եւ իրենց ջանքերն ուղղել այն բանին, որպեսզի ադրբեջանական կողմին ուղղակի ցույց տան նման վարքագծի անթույլատրելիությունն ու վտանգավորությունը, օգնեն նրանց՝ իջնել հողին եւ ճանաչել իրողությունները, որոնց հետ նրանք պարտավոր են հաշվի նստել: Ինչը կարեւոր ու անհրաժեշտ պայման է հակամարտության գոտում կայունության պահպանման համար, որը ճանապարհ կբացի դեպի Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ առկա հիմնախնդիրների քաղաքական լուծման իրականացում:
Այժմ՝ Ալեւի կողմից ամանորյա ուղերձում բերված, այսպես կոչված, փաստարկների մասին: Քանի որ Ադրբեջանի նախագահը վկայակոչում է միջազգային իրավունքը, նրան պատասխանենք նույն իրավունքի դիրքերից: Չէր խանգարի նրան հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը ԼՂՀ ժողովրդի բացառիկ իրավունքն է, եւ անկախության հռչակման շուրջ Ադրբեջանի թույլտվության կարիքը բոլորովին չկա: Որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման արդյունքում Լեռնային Ղարաբաղը, դարձյալ Բաքվի կամքից անկախ, դարձել է միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտ: Որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշվել է իր պատմական բնակության տարածքում, որը ԵՐԲԵՔ «վաղեմի ադրբեջանական տարածք» չի եղել: Եվ վերջապես՝ որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ունի միջազգային-իրավական ու պատմական անբասիր հիմք, ուրեմն՝ ԼՂՀ անկախ պետական կարգավիճակը քննարկման ենթակա չէ, այլ միայն վերջնական իրավական ճանաչման կարիք ունի: Իսկ հոդվածը կուզենայինք եզրափակել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերով. «Մենք չենք կարող մարդկանց համարել ինչ-որ «սեփականություն»՝ որեւիցե մեկի տարածքում, որը կարող է կամայականորեն, առանց այդ մարդկանց համաձայնության անցնել այս կամ այն պետության ինքնիշխանության տակ՝ ի խախտումն ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի սկզբունքների: Նման մոտեցումը մեզ կվերադարձնի, ներկայիս Եվրոպայի պայմաններում, ճորտատիրական իրավունքի ժամանակները»: Ավելի լավ, թերեւս, չես ասի:
Monday, January 26, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment